Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված գազային պայմանագրերի հետ կապված մի շարք հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունները առաջարկում են խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Նշենք, որ գազային պայմանագրերը վերաբերում էին Ռուսաստանից գնվող գազի գնին, երկու երկրների միջև պայմանագրի գործողության ժամկետին և «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի վաճառքին «Գազպրոմ» ընկերությանը։
Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա ասել է, որ գազի վաճառքի սակագների մասին պայմանագրերը ամենամութ գործարքներն են, որոնք գաղտնի են պահվել և՛ հանրությունից, և՛ ԱԺ-ից: Մանուկյանի խոսքով՝ կան բազում փաստաթղթեր և 23 համաձայնագրեր, որոնք Կառավարությունը թաքցրել է:
Մանուկյանը նշել է, որ հանձնաժողովը կփորձի ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝ ինչպե՞ս է գոյացել Ռուսաստանին 300 մլն դոլար գազի համար պարտքը, ինչպե՞ս է որոշվել Ռուսաստանից գնվող գազի գնի և սպառողին առաջարկվող գնի միջև եղած տարբերությունը։
ՀԱԿ պատգամավորը նշել է, որ հանձնաժողովը կլինի բազմակուսակցական, և աշխատանքը կատարելուց հետո զեկույց կներկայացնի ԱԺ-ին։
Արամ Մանուկյանին լսելուց հետո ԱԺ նախագահն ասել է, թե ճիշտ կլիներ առաջարկի մասին տեղեկացվեր նաև քաղաքական մեծամասնությունը (ՀՀԿ-ն): Արամ Մանուկյանը, սակայն, նշել է, որ ՀՀԿ-ն ապացուցել է, թե հետաքրքրված չէ այդ մութ պայմանագրերի բացահայտմամբ։ Մանուկյանը հիշեցրել է, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկել գազային համաձայնագրերին։