Home / Հայաստան / Պետական մարմիններն ուշադրություն չեն դարձնում Սայաթ Նովայի բողոքող բնակիչների վրա

Պետական մարմիններն ուշադրություն չեն դարձնում Սայաթ Նովայի բողոքող բնակիչների վրա

Սայաթ Նովա 10-12 հասցեում իրականացվող շինարարության դեմ բողոքող 400 բնակիչների կողմից Երևանի քաղաքապետարանին, դատարաններին, տարբեր նախարարություններին և կազմակերպություններին ուղղված բազմաթիվ դիմում-նամակները մինչ օրս մնում են անպատասխան։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանը՝ նշելով, որ «այսօր կանգնած են այնտեղ, որտեղից սկսել են»։

«Մենք ամեն տեղ հայտարարում ենք, որ շինարարությունը ազդում է տարածքի շենքերի սեյսմակայունության թուլացման և բնակիչների առողջականի վրա։ Ասածը հիմնավորելու համար բազմիցս փորձաքննություններ ենք անցկացրել, սակայն անմիջապես դրանից հետո քաղաքապետարանը կրկնակի փորձաքննություն է արել, կեղծել իրական արդյունքները և հիմնավորել իրենց փորձագետի եզրակացությունը», – պատմել է փաստաբանը։

Վերջինիս խոսքով՝ իրենք 2 անգամ դիմել են դատարան, առաջին հայցը մերժվել է, ինչից հետո դիմել են Վարչական դատարան, սակայն տեղյակ չեն՝ վարույթ իրականացվել է, թե՞ ոչ։

«Օրենքով սահմանված կարգով 1 շաբաթվա ընթացքում դատարանը պետք է պատասխանի, սակայն 2 ամիս է՝ ձայն չկա։ Երբ զանգում ենք և ուղղակիորեն պահանջում, որ կատարեն օրենքի նորմերը, ասում են՝ «դե ընդունել են, էլ ի՞նչ եք ուզում, ժամանակ չունենք, ներկա պահին Վարչական դատարանը ծանրաբեռնված է»։ Եթե հարցը վերաբերեր այնպիսի վարչական հասարակ հարցի, որ ժամանակի հետ կապված խնդիր չէր ունենա՝ ոչինչ, բայց հարցը 400 բնակչի անվտանգությանն է վերաբերում։ Խնդրեմ, այսօրվա դրությամբ սա է իրավիճակը», – ասել է բանախոսը։

Կանդալյանը նշել է, որ բնակիչների ստորագրություններով դիմումներ է հանձնել դատախազություն և պահանջել պատասխանատվության ենթարկել սուտ եզրակացություններ ընդունող փորձագետներին, ինչպես նաև Առողջապահության նախարարությանը իրազեկել է բնակիչների առողջությանը սպառնացող վտանգի մասին։

«Ոչ մեկից պատասխան չունենք՝ ուղղակիորեն անտեսվում է օրենքը, իրենք ոտնահարում են իրենց իսկ գրած օրենքները։ Մենք ամեն ինչ անում ենք օրինական դաշտում և նույնը պահանջում ենք իրենցից՝ թող կատարեն իրենց գրած օրենքները», – ասել է Կանդալյանը՝ ավելացնելով, որ անկախ ամեն ինչից բնակիչների հետ շարունակելու են իրենց պայքարը։