Փետրվարի 12-ին ՀԱԿ ակտիվիստների իրազեկման ակցիան և լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտած ՀՀԿ-ականներից մեկը երեկ սպառնալիքներ է հնչեցրել մեկ այլ լրագրող՝ Թեհմինե Ենոքյանի հասցեին: Այս մասին լրագրողը հայտնել է ԶԼՄ-ներին ուղարկված հայտարարության մեջ:
Ենոքյանին սպառնացել են այն բանից հետո, երբ նա «Ֆեյսբուք» սոցցանցում տարածել է այն ՀՀԿ-ականների լուսանկարները, որոնք իրազեկման ժամանակ հարձակվել են ՀԱԿ ակտիվիստների վրա՝ սպառնալիքներ հնչեցնելով վերջիններիս հասցեին:
«ՀՀԿ-ական Արկադի Ոսկանյանը մոտ 10-ից ավել նամակներ է ուղարկում իմ ֆեյսբուքի էջին, որտեղ գրված է, որ արագ կերպով ջնջվեն այն նկարները, որտեղ ինքն է պատկերված և իր ընկերները, հետո սպառնալիքների է անցնում և պահանջում մեկ ժամվա մեջ հեռացնել լուսանկարը: Հետո գրում է. «Հիմա քո դուրը կգա՞, որ քո նկարները ֆոտոշոփ անեմ Անժելա Սարգսյանի նկարների պես տարածեմ ինտերնետում, դուրդ չի գա, քանի որ դու էտ մարդը չես, նկարս ջնջի, ես էլ եմ մարդ: Ուրեմն, այ անբարոյական, կհանդիպենք դատարանում եթե գրում ես՝ հանցագործ եմ, ուրեմն տակից դուրս կգաս: Հա մեկ էլ սպասի շուտով քո նկարները ինտերնետում կտենաս կապացուցի պոռնիկ լինելդ։ Ես էսօր դիմում եմ գրելու ու պատիվ պահանջեմ ԱԱԾ, թող պարզեն պռոֆիլդ ու հրավիրեն դատարան, որտե՞ղ ես տեսել իմ հանցագործությունը, այ էդ ժամանակ կտեսնենք ով ա հանցագործ»»,- գրում է Ենոքյանը:
Լրագրողը նամակների պատկերներն ուղարկել է ոստիկանություն և հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որում նշել է, որ Արկադի Ոսկանյանը պոռնոգրաֆիայի տարածման սպառնալիք է անում, ինչպես նաև սպառնում է իր ընտանիքի անդամներին:
Նշենք, որ փետրվարի 12-ին գրանցված միջադեպի ժամանակ ՀԱԿ ակտիվիստներին մոտեցած ՀՀԿ-ական երիտասարդները սպառնացել են նրանց «չանեն ջարդել»։
2 լրագրողների, 5 ՀԱԿ ակտիվիստների հետ բերման են ենթարկվել նաև 5 ՀՀԿ-ականներ, որոնց հետագայում բաց են թողել և որոնց թվում է եղել Ագրարային համալսարանի ուսխորհրդի ՀՀԿ-ական նախագահ Հայկ Ղևոնդյանը։ Ոստիկանության բաժնում բռնություն են կիրառել ՀԱԿ ակտիվիստների և լրագրողներ Անի Գևորգյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ։