Ոստիկանությունը պնդում է, որ 21-ամյա Մարո Գուլոյանը 2012 թվականի հուլիսի 12-ին ինքնասպան է եղել՝ խալաթի գոտիով կախվելով Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող իր տանը, սակայն այդ խալաթն այդպես էլ չի հայտնաբերվել։ «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի լրագրող Նելլի Բաբայանն անդրադարձել է գործին՝ ներկայացնելով երեկ կայացած դատական նիստի մանրամասները։
Տուժողի իրավահաջորդ Ռոման Թովմասյանի փաստաբանը` Լուսինե Մինասյանը դատարանին ներկայացրել է որոշ հիմնավորումներ` կասկածի տակ առնելով նախաքննական մարմնի գործողությունները:
Նա նշել է, որ նախաքննական մարմինը պարզել է, թե Մարո Գուլոյանը, ով հղի էր, կախվել է իր խալաթի գոտիով, մինչդեռ խալաթը չեն հայտնաբերել։ Մարոյի ամուսնու ծնողները ցուցմունքում ասել են, որ խալաթը նրա հետ թաղել են, սակայն արտաշիրիմում անելուց հետո այն չեն հայտնաբերել: Ապա այդ նույն մարդիկ ասել են, որ խալաթը հանգուցյալի բարձի մեջ են դրել ու թաղել:
«Բայց բարձն այնքան փոքր է, որ սրբիչե խալաթն ու այլ հագուստներն այդտեղ չէին տեղավորվի: Իսկ խալաթը գտնելը շատ կարևոր էր, որպեսզի համադրվեր «ինքնասպանության գործիք» գոտու հետ», – Նելլի Բաբայանի հետ զրույցում ասել է Լուսինե Մինասյանը:
Մարոյի հայրը՝ Ռոման Թովմասյանը պնդել է, որ Մարոն երբեք խալաթ չէր հագնում, նրա մայրն էլ աղջկա պահարանում խալաթ երբեք չի էլ տեսել: Մարոյի ամուսնու հարազատները նախաքննական մարմնին ասել են, որ այդ խալաթը նվիրել են ամուսնության կապակցությամբ:
Դատարանում փաստաբանը նախաքննական մարմնի այլ գործողություններն էլ կասկածի տակ է առել։ Նա մասնավորապես, նշել է, որ վկաները վստահեցրել են, թե Մարոյի պարանոցին կարմրավուն հետք են նկատել և հասկացել են, որ կախվել է, բայց դիակի լուսանկարներում կարմրավուն հետք չկա: Փաստաբանի ներկայացմամբ`ըստ մասնագիտական գրականության, կախված մարդու մոտ այլ վնասվածքներ են լինում, ինչը Մարոյի մոտ չի եղել:
Լուսինե Մինասյանի ներկայացմամբ՝ Մարոյի ամուսնուն` Գևորգ Գուլոյանին ժամը 17.00-ի սահմաններում իր հորեղբայրն ուղարկել է մոտակա հողատարածքից շինարարության համար անհրաժեշտ երկաթյա ձող բերելու: Գևորգը մեքենայով գնացել է շատ կարճ ճանապարհը, վերադարձել 10 րոպե անց ու լսել քրոջ բղավոցն ու օգնության կանչը: Ինչպես նկատեց փաստաբանը, համադրելով ժամը 17:00 և 10 րոպե հողատարածք գնալն ու հետ վերադառնալը, դեպքը չէր կարող տեղի ունենալ ժամը 19:00-ի սահմաններում, բղավոցից 2 ժամ հետո, ինչպես վկաները ցուցմունքներում են նշել: Այսինքն, եթե ժամը 17:00-ի սահմաններում Գեւորգի հարազատներից մեկը, որի հետ նույն տանն են ապրում, բղավել է և օգնություն կանչել, ապա տարօրինակ է, որ հետո նշել են, թե Մարոյին արդեն կախված վիճակում հայտնաբերել են ժամը 19:00-ի սահմաններում:
Փաստաբանը դատարանում ներկայացրել է, որ դեպքի առնչությամբ ժամային հակասություններ կան նաև Գևորգ Գուլոյանի հոր ցուցմունքում և 2-րդ նախաքննության ժամանակ սա ևս չի պարզվել:
Գուլոյանի հարազատներից Արմինեն ցուցմունքում նշել է, որ Գևորգի քույրը` Լիանան, Մարո Գուլոյանին կախված տեսնելուց բղավել և օգնություն է կանչել, իսկ մյուս հարազատներից Արմինեն ցուցմունքում նշել է, թե Լիանան օգնություն չի կանչել, այլ բարձրացել է տան 2-րդ հարկ և տանեցիներին ասել, թե նման դեպք է տեղի ունեցել:
«Ամբողջ ազգուտակով պահում են իրենց տղուն ու կոծկում ճշմարտությունը, դե իրենց տղուն հո չեն ուզի նստացնել»,-իր կարծիքը հայտնել է Ռոման Թովմասյանը: Նշենք, որ Մարո Գուլոյանի ամուսինը՝ Գևորգ Գուլոյանը, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի ազգականն է:
Փաստաբանը նշում է, որ գործով մի տարօրինակ հանգամանք էլ կա։ Փորձաքննական մարմինը գործին լուսանկարները չի կցել՝ պատճառաբանելով, թե դրանք վնասվել են, մինչդեռ, նա պետք է իր այդ պատճառաբանությունը հիմնավորելու համար, վնասված լուսանկարները կցեր գործին: Փորձաքննական մարմինը վստահեցրել է, թե լուսային ժապավենը գցել է։
«Ֆոտոլրագրողի կողմից ժամանակին ֆիքսված վնասվածքները, նախաքննական մարմինը ասում է, որ չի տեսել, նման վնասվածքներ չկան: Բոլոր միջոցներով փակուղի են ստեղծում», – ասել է Մինասյանը:
Փաստաբանը զարմանալի է համարել նաև այն, որ 21-րդ դարում փորձաքննական մարմինն աշխատում է ոչ թե թվային, այլ լուսային ֆոտոխցիկով:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 10-ին, ժամը`11:00-ին: