Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը կմիանա ցանկացած շարժմանը, որը նպատակ է ունենալու ազատվել գործող իշխանությունից։ Այս մասին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր հայտարարել է Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին։
Իր ելույթում Հրանտ Բագրատյանը խոսել է Սերժ Սարգսյանի 6 տարի առաջ տված նախընտրական խոստումները։
«Ինքը խոսք էր տվել, որ տարեկան ներդրումները կհասցնի 4 միլիարդ դրամի։ 10 անգամ պակասել է՝ 400 միլիոն։ Ինքը խոսք էր տվել, որ աշխատավարձները կկրկնապատկվեն՝ Պետական ծառայողի աշխատավարձը 105 հազարից կդառնա 208 հազար դրամ։ Պաշտոնական տվյալներն են՝ պետական աշխատողների աշխատավարձը դարձել է 97 հազար դրամ, պլյուս դրան՝ 40 տոկոսով գներն են բարձրացել»,- ասել է Բագրատյանը։
Գնահատելով Հայաստանի տնտեսությունը՝ ՀՀ նախկին վարչապետն ասել է, որ այն նման է ծակ տակառի, որտեղ մեծ գումարներ են մտնում՝ տրանսֆերտների, վարկերի ու պարտքերի տեսքով, սակայն ՀՆԱ-ն չի աճում։
«Մենք այնքան աղքատ ենք, որ մեզ օգնել հնարավոր չէ։ Եթե մենք մի բան չենք փոխելու, իզուր ենք հավաքվել, անկեղծ եմ ասում»,-ասել է պատգամավորը։
Կուտակային կենսաթոշակային հիմնադրամին անդրադառնալով՝ տնտեսագետը խոսել է համակարգին ԱՄՆ դեսպանի կողմից տված դրական գնահատականի մասին։
«Ձեր գլխին կպնի ձեր լավագույնը։ Կգամ ձեզ դասախոսություն կկարդամ։ 20 լավագույն կենսաթոշակային համակարգերում առաջինը Շվեյցարիան է, ԱՄՆ-ն 15-րդն է։ Դուք կուտակում եք, բայց 10 տարով, 10 տարի հետո դուք տնօրինում եք ձեր փողը։ Հայաստանում 45 տարի հետո։ Այդ երկրներում կան բազմաթիվ կառավարիչներ, Հայաստանում՝ երկուսը։ Խորապես վիրավորված եմ դեսպանից, հուսով եմ դա ԱՄՆ կառավարության կարծիքը չէ։ Պարզապես իրականությանը չհամապատասխանող ախմախություն է», – ասել է նա։