հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ԱԺ-ն ԶԼՄ-ներին վերաբերող նոր օրենքով ուզում է պայքարել ինտերնետային «ֆեյքերի» դեմ

ԱԺ-ն ԶԼՄ-ներին վերաբերող նոր օրենքով ուզում է պայքարել ինտերնետային «ֆեյքերի» դեմ

Այս շաբաթ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որն առնչվում է ԶԼՄ-ների կողմից սոցիալական ցանցերում տեղ գտած տեղեկատվությունն օգտագործելու խնդրին։ Ըստ այդմ, ԶԼՄ-ները վեճերի դեպքում չեն ազատվում պատասխանատվությունից, եթե չեն ներկայացնում օգտագործված տեղեկատվության հեղինակի տվյալները։

1087.1 հոդվածը վերաբերում է պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգին և պայմաններին։ Ներկայումս հոդվածի 9-րդ կետը սահմանում է, որ եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա [պարտավորությունը կրում է] լրատվական գործունեություն իրականացնողը: Այժմ պատգամավորներն առաջարկում են 9-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ․ «Տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը»:

Օրինագիծը սահմանում է նաև 9-րդ կետը լրացնել 6 ենթակետերով։

Համաձայն օրինագծում առաջարկվող 9.1 կետի, լրատվական գործունեություն իրականացնողը ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղակատվության հեղինակին նույնականացնող տվյալներ:

9.2 կետը սահմանում է․ «Զրպարտության կամ վիրավորանքի դեպքում անձը կարող է հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջից պահանջել հեռացնել իրավատիրոջ կայքում տեղ գտած զրպարտություն կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունը: Իրավատերը պարտավոր է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնել պահանջը ներկայացնելուց հետո՝ անհապաղ բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում»:

9.5 կետի համաձայն, «Համապատասխան լրատվության միջոցը պատասխանատվություն է կրում էլեկտրոնային կայքում տեղ գտած վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների համար, եթե վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ քան 12 ժամվա ընթացքում, չի հեռացնում մեկնաբանությունը կամ հրաժարվում է հեռացնել այն:

9.6 կետը սահմանում է, որ հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջ կողմից վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջը չկատարելու դեպքում տուժողը իրավունք ունի դատական կարգով հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջից պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը` հրապարակային ներողություն խնդրել, հեռացնել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը և վճարել վիրավորանքի կամ զրպարտության սույն հոդվածով նախատեսված չափի փոխհատուցում` անկախ մեկնաբանության հեղինակին պահանջ ներկայացնելու հանգամանքից»:

Նախագծի 9.3 և 9.4 կետերը սահմանում են, թե որոնք կարող են համարվել էլեկտրոնային կայքեր և դրանց իրավատերեր:

Պատգամավորները իրենց օրինագծին կից հետևյալ հիմնավորումն են ներկայացրել․

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նախատեսվող լրացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ վերջին շրջանում լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի («ֆեյքերի») միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածումը, որը խախտում է մի շարք անձանց ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արժանապատվության իրավունքը: Խնդիրն առավել կարևորվում է նրանով, որ մի շարք լրատվական միջոցներ վերարտադրում և տարածում են կեղծ օգտատերերի զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկատվությունը, դրանք առավել հանրայնացնելով, ինչի հետևանքով այդ տեղեկատվությունը հայտնի է դառնում նույնիսկ այն անձանց, ովքեր գրանցված չեն սոցիալական ցանցերում: Նշված խնդիրը ներկայումս լուրջ մտահոգություն է առաջացնում ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետների, բլոգերների մոտ, այնպես էլ համացանցից օգտվող բազմաթիվ անձանց մոտ: Ուստի կարևոր է սահմանել այն լրատվական միջոցների պատասխանատվությունը, որոնք տարածում են կեղծ օգտատերերի հրապարակումները և մեկնաբանությունները»:

Լուսանկարը՝ salon.com