Home / Տեսանյութեր / Բողոքող գյուղացիները՝ փոխվարչապետին․ «Ասեք՝ հա կամ չէ, կամ էլ հեռացեք»

Բողոքող գյուղացիները՝ փոխվարչապետին․ «Ասեք՝ հա կամ չէ, կամ էլ հեռացեք»

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ժամանել է Արագածոտնի մարզ, որտեղ 7 համայնքների բնակիչներ մի քանի ժամ է՝ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով դադարեցնել նոր ՀԷԿ-ի շինարարության աշխատանքները։

Նա պահանջել է, որ լրագրողներն ազատեն ճանաարհը և հեռանան։ Լրագրողների խոսքերին, թե իրենք աշխատում են, Գևորգյանը հակադարձել է, որ ինքը եկել է գյուղացիների հետ հանդիպելու, իսկ լրագրողներին ասելիք ունենալու դեպքում նրանց կհանդիպի առանձին։

Այս պահին Գևորգյանը զրուցում է գյուղացիների հետ, ովքեր հայտարարել են, որ իրենք կոնկրետ պատասխանի են սպասում։

Գյուղացիներից մեկը Գևորգյանի հետ զրույցում նշել է, որ իրենց հավաքը ինքնաբուխ է, ու ինքը, խոսելով բոլորի անունից, պահանջում է դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը։

«Եթե պնդում եք, որ այնտեղ ՀԷԿ չի կառուցվելու և ուղղակի նորոգման աշխատանքներ են իրականացվելու, ուրեմն մենք գյուղացիներս մեր ուժերով կկատարենք այդ աշխատանքները»,- դիմելով փոխվարչապետին՝ ասել է բողոքողներից մեկը։

Հավաքված բազմությունը պահանջել է, որ Գևորգյանը ոչ թե առանձնազրույց ունենա գյուղացիների հետ, այլև կանգնի բոլորին տասանելի տարածքում, որպեսզի բոլորին լսելի լինի նրա խոսքը։

Գևորգյանը բարձրաձայն հայտարարել է, որ ինքն այս պահին ոչինչ ասել չի կարող, քանի որ ստեղծվել է հանձնաժողով, որի աշխատանքի արդյունքները հայտնի են լինելու մոտակա օրերին՝ «հիմա խոստանում եմ, որ մինչև վերջնական որոշումն այստեղ շինարարություն չի լինելու»։

Ժողովուրդը սուլոցնելով ու բղավոցներով է ընդունել փոխվարչապետի հայտարարությունը և հակադարձել, որ որոշողն իրենք են։

«Թող վերևը կանգնի ու խոսի, եթե չէ՝ փողոցը փակելու ենք։ Ասեք՝ հա կամ չէ, ուրիշ բան մեզ չի հետաքրքրում, կամ էլ հեռացեք։ Էսքան տեղ եկել հասել ա, որ երկու հոգու հետ խոսի, բարձրացի մի տեղ, որ լսենք, որ ժողովուրդը հանդարտվի», – զայրացած բղավել է գյուղացիներից մեկը։