Home / Տեսանյութեր / ՍԴ-ում նախարարին հորդորել են ըստ էության խոսել

ՍԴ-ում նախարարին հորդորել են ըստ էության խոսել

Այսօր Սահմանադրական դատարանը շարունակում է քննել Կուտակային կենսաթոշակների համակարգի պարտադիր բաղադրիչի սահմանադրականության հարցը։ Օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով ՍԴ էին դիմել ԱԺ 4 ոչ կոալիցիոն խմբակցությունները։

Նիստի ընթացքում ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանից հետաքրքվել է, թե որ օրենքով է գրված, որ ՍԴ-ի աշխատակարգային որոշումից հետո ԿԲ-ն կարող է այդ որոշման վերաբերյալ մեկնաբանություն տարածել, դեռ մի բան էլ գնահատականներ տալ այդ որոշմանը: Խոսքը գնում է այն մասին, որ երբ հունվարին ՍԴ-ն ժամանակավորապես կասեցրել է օրենքի գործողությունը, ԿԲ-ն հայտարարել է, թե գործատուների վրա այն չի տարածվում, ու նրանք պետք է փոխանցեն պարտադիր կուտակային վճարները։

Երիցյանը պատասխանել է, որ ԿԲ-ն իրեն նման իրավունք չի վերապահել, ոչ էլ մեկնաբանել է ՍԴ որոշումը, ուղղակի իրավիճակին նպատակահարմար հայտարարություն է տարածել, որի պատասխանատվությունը կրում է:

Ներսես Երիցյանի հետ հարցուպատասխանից հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Երիցյանին հորդորել է հարցերին պատասխանել ըստ էության և հստակ. «Հարցերին պատասխանեք հստակ և աշխատեք հարցերին գնահատականներ չտալ»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ հարցուպատասխանի ընթացքում ՍԴ նախագահը նույնպես մի քանի անգամ հորդորել է հարցերին սպառիչ պատասխաններ տալ և խոսել ըստ էության:

Մասնավորապես, Թոխյանի հարցին՝ «արդյոք կենսաթոշակ ստանալը քաղաքացու սահմանադրական իրավո՞ւնք է», Ասատրյանը պատասխանել է ՝«այո»։

Հաջորդող հարցին՝ « արդյո՞ք քաղաքացին կարո՞ղ է հրաժարվել կենսաթոշակ ստանալու իրավունքից», նախարարը նշել է, որ կենսաթոշակի իրավունք ստանալուց հետո քաղաքացին դիմում է ներկայացնում, որ ցանկանում է կենսաթոշակ ստանալ՝ այդպես էլ ըստ էության չպատասխանելով հարցին:

Շարունակելով հարցուպատասխանը՝ ՍԴ անդամը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ պետք է կենսաթոշակ ստանալու համար քաղաքացին պարտադիր վճարի, եթե կարող է հրաժարվել դրանից, Ասատրյանը պատասխանել է՝ «վճարելը դա արդեն պարտականություն է»։

«Դուք ինչո՞ւ եք քաղաքացուն ասում` արի 40 տարի վճարի, որ հետո իրավունք ունենաս հրաժարվել»,- նկատել է Թոխյանը։

«Այս համակարգով երկրի սոցիալական պաշտպանության համակարգ է ստեղծվում: Կարծում եմ՝ մենք արդեն ուշացրել ենք և նորից հետաձգելը ավելի ծանր հետևանքների կբերի: Մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ առնվազն 20-25 տարի 10 տոկոս վճարներ պետք է արվեն, որ բարեփոխումը կատարվի, այլ դեպքում համակարգը չի աշխատի և իր ֆունկցիան չի կատարի։ Եթե մենք նպատակից ենք ելնում, լուծումները շատ սահմանափակ են»,-եզրափակել է Ասատրյանը։