Home / Հայաստան / «Դ!եմ եմ»-ն առաջարկում է դիմել պետական մարմիններին․ դիմումի նմուշը պատրաստ է

«Դ!եմ եմ»-ն առաջարկում է դիմել պետական մարմիններին․ դիմումի նմուշը պատրաստ է

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» թիմը պատրաստել է դիմում-նամակի ձևանմուշ` ՀՀ ֆինանսների նախարարին, ՀՀ ԿԲ նախագահին և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ընկերության գլխավոր տնօրենին ուղղելու նպատակով` պահանջելով նրանցից հետևել ՀՀ ՍԴ 2014թ. ապրիլի 3-ի որոշման եզրափակիչ մասի 6-րդ կետի դիրքորոշմանը:

Նամակի հեղինակները հիշեցնում են, որ ՀՀ սահմանադրական դատարանը իր 2014թ.-ի ապրիլի 3-ի որոշման եզրափակիչ մասի 1-5-րդ կետերով հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք իրավանորմեր: Իսկ 6-րդ կետով սահմանեց, որ նշյալ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը` այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում: Ըստ նույն որոշման 8-րդ կետի, վերոհիշյալ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

«Որոշման 7-րդ կետով ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, որպեսզի ՀՀ Ազգային ժողովը և ՀՀ կառավարությունը` իրենց իրավասության շրջանակներում նշյալ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնեն նշված որոշման պահանջներին։ Սակայն նշված ժամանակում օրենքի վերամշակման և ակնհայտ հակասահմանադրական իրավանորմերի կասեցումը ապահովելու փոխարեն` պետական բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ սատարելու են օրենքի գործունեությանը մինչև նշված վերջնաժամկետը», – ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ:

Ձևանմուշը՝ այստեղ