Հովիկ Աբրահամյանը, քիչ առաջ դուրս գալով Գագիկ Ծառուկյանի ԱԺ աշխատասենյակից, լրագրողների հարցերին ի պատասխան հրաժարվել է մանրամասներ հայտնել քառյակի հանդիպումից: Նա ասել է, որ քննարկվել է կուտակային համակարգի հարցը, սակայն մանրամասները խոստացել է ասել կառավարության կազմվելուց հետո միայն:
Լրագրողները նկատել են, որ, փաստորեն, վարչապետի խոստումն այն մասին, որ գանձումները կասեցվելու են, չի կատարվի, քանի որ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի կողմից ներկայացված նոր նախագիծը դա չի նախատեսում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ինքը միշտ իր խոսքի տերն է:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանական քառյակը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգութունը», հերթական հանդիպումն են նախաձեռնել Ազգային ժողովում, որն անցել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակում։ Հանդիպման մեկնարկին սենյակ է մտել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի և ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի ուղեկցությամբ։
Այցն անսպասելի է եղել հանդիպման մասնակիցների համար։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրել է՝ արդյոք Աբրահամյանը եկել է տեղեկանալու քառյակի ծրագրերից, ինչին վարչապետը պատասխանել է, որ ինքը եկել է որոշ տեղեկություններ հաղորդելու։