Home / Հայաստան / Կոտայքի մարզի գյուղերում թրթուրները տներ են մտնում․ սրկսումները չեն օգնում

Կոտայքի մարզի գյուղերում թրթուրները տներ են մտնում․ սրկսումները չեն օգնում

Կոտայքի մարզի Թեղենիք ու Արզական գյուղերի բնակիչները արդեն 8-րդ օրն է, ինչ պայքարում են համայնքները «գրոհած» թրթուրների դեմ: Մարդիկ փակում են դռները, իսկ թրթուրները լուսամուտի արանքներից մտնում են տուն։ Epress.am-ի հետ զրույցում Թեղենիքի գյուղապետ Մարատ Բաղդասարյանն ասել է, որ իր ամբողջ կյանքում նման բան չի տեսել։

«Երեխեքին տներից հանում են, ով էլ ուրիշ տեղ չունի մնալու ամբողջ օրը մեքենաներով ման են տալիս, որ չմնան տանն ու հանկարծ չվարակվեն թրթուրներից», – ասել է գյուղապետը։ Նրա խոսքով՝ «արագավազ, մազոտ» թրթուրները գալիս են մոտակա անտառներից։

«Շոգ օրերին թաքնվում են, հիմա խոնավ է՝ լցվում են մարդկանց տները։ Սրսկում ենք անում՝ 10 րոպեից էլի գրոհում են, էնքան էլ արագ են շարժվում ու տարածվում, որ պատկերացնել հնարավոր չէ։ Մարդկանց տնկած ամբողջ կանաչեղենը, եղած բուսականությունն ամբողջությամբ վերացրել են»,- նշել է մեր զրուցակիցը։

Վերջինիս խոսքով՝ գյուղնախարարությունից մարդիկ են այցելել Արզական, ապա գալու են Թեղենիք, որպեսզի սրսկումների միջոցով կանխարգելեն թրթուրների առաջխաղացումը։ Սակայն գյուղապետը նշում է, որ պատվաստումները չեն օգնում։

«Ոչ մի սրսկում էլ օգուտ չի տալիս, տեղային սրսկումները անիմաստ են, միակ փրկությունը ուղղաթիռով ընդհանուր սրսկումները կլինեն, այլապես 700 հեկտար տարածքները վարակվելու են ամբողջությամբ», – եզրափակել է Բաղդասարյանը։

Լուսանկարը՝ shamshyan.com