Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է լուրերն այն մասին, որ ինքը բռնության է ենթարկվել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանի կողմից։ Այսօր Epress.am-ի հետ զրույցում Ալեքսանյանը նշել է, որ չի պատրաստվում այդ թեմայի հետ կապված որևէ մեկնաբանություն տալ։
«Ես մինչ այս պահը ոչ մեկի հարցազրույց չեմ տվել, չեմ էլ պատրաստվում», – ասել է նա։
Հարցին, արդյոք հարցազրույց չի՞ տվել Slaq.am-ին, որտեղ իր անունից հերքվում է տեղի ունեցածը, Ալեքսանյանը կրկին պնդել է, որ ոչ մի լրատվամիջոցի հետ այդ թեմայով չի զրուցել։ «Այդ առթիվ զանգեր շատ եմ ստացել, բայց որևէ մեկին չեմ պատասխանել», – ասել է մարզիկը։
Հիշեցնենք, որ, Ilur.am-ի տեղեկություններով, Ալեքսանյանն իր եղբայր Ռաֆայելի հետ իր ավտոմեքենայով պարապմունքից վերադառնալիս լսել է ձայնային ազդանշան: Ալեքսանյանը կարծել է, որ մեքենան ճանապարհ է ուզում, և «աջ է քաշել»: Երբ ետևից ընթացող մեքենան հավասարվել է Ալեքսանյանի կողմից վարած Մերսեդեսին, ըմբիշին ձայն է տվել մեքենայի առջևի ուղևորատեղին նստած տղամարդը. «Բա էս լավ տղա եք, հա՞, խի՞ լավ աջ չես քաշում»: Երբ Ալեքսանյանը կանգնեցրել է մեքենան և եղբոր հետ իջել, նրանց «դիմավորել է» ոստիկանության գնդապետ Նադարյանը, որն անսթափ վիճակում է եղել:
«էս լավ տղա եք, հա՞, հեսա գնանք քաղմաս, ձեզնից լավ տղա եմ սարքելու»,- ասել է Նադարյանը և հանել իրեն ամրակցված ատրճանակը ու կոթով հարվածել Ռաֆայել Ալեքսանյանին (Ռաֆայելը նույնպես ըմբիշ է, մի շարք միջազգային առաջնությունների մեդալակիր): Ապա, Նադարյանն ատրճանակը լիցքավորել է և պահել Արթուր Ալեքսանյանի կրծքին` ասելով. «Էդքան լավ տղա ես, կգաս բաժին, կխոսենք»: Երբ ոստիկանապետի վարորդը զգուշացրել է, որ դիմացը «մեր չեմպիոնն է», Նադարյանը մի պահ շփոթվել է, հետո հապշտապ նստել է մեքենան ու հեռացել:
Ավելի ուշ Slaq.am-ը գրել է, թե Ալեքսանյանն իրենց հետ զրույցում հայտնել է, որ «մամուլում շրջանառվող լուրերն ամբողջությամբ սուտ են»: