Երգչուհի, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր ԱԺ-ում վիրավորել է իրենից մեկնաբանություն խնդրող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռուզան Ստեփանյանին՝ ասելով․ «Դուք անբարոյականներ եք, բոլորդ անբարոյական եք»: Այդ խոսքերն արտաբերելով՝ Շուշան Պետրոսյանը ցույց է տվել մոտակայքում կանգնած լրագրողներին։
Մինչ վիրավորելը՝ պատգամավորը խնդրել է անջատել ձայնագրիչը։
Լրագրողը փորձում էր պատգամավորից մեկնաբանությունը ստանալ Վերնիսաժի մոտ շաբաթ օրը տեղի ունեցած դեպքի վերաբերյալ:
Այնուհետև Պետրոսյանին մոտեցել է «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մելանյա Ծառուկյանը, սակայն պատգամավորը թույլ չի տվել որևէ հարց տալ՝ ասելով․ «Թռար ստուց».
Այս պահին ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները քննարկում են ստորագրահավաք անցկացնելու և ԱԺ էթիկայի հանձնաժողով դիմելու հարցը:
Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին պատգամավոր Առաքել Մովսիսյանը ակցիա անցկացրած լրագրողներին կապիկ էր անվանել։