Երեկ երեկոյան մահացել է մարտի 4-ին ադրբեջանական գերությունից վերադարձված, Վերին Կարմիաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն ասել է, որ արդեն շուրջ 1 շաբաթ է, ինչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանրացել էր, նույնիսկ հնարավոր չի եղել նրան տեղափոխել Բերդի քաղաքային հիվանդանոց: Հիվանդանոցից նրան ամեն օր այցելել են բժիշկները, փոխել վիրակապերը, սակայն 77-ամյա տղամադրը մի քանի օր շարունակ գտնվել է անգիտակից վիճակում, չի ճանաչել հարազատներին, սնունդ ու ջուր չի ընդունել:
«Գերության ընթացքում ստացած վնասվածքներն ու խոշտանգումները տվեցին իրենց արդյունքը»,- ասել է գյուղապետը:
77-ամյա Խոջոյանը գերեվարվել էր հունվարի 28-ին, հայկական կողմին վերադարձվել էր մարտի 4-ին, որից հետո բուժում էր անցել հիվանդանոցում։ Բժիշկների հաղորդմամբ՝ նրա մարմնի վրա բազմաթիվ կապտուկներ, վնասվածքներ ու սալջարդեր են եղել։