ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է «Որոտանի ՀԷԿ»-երի համալիրի վաճառքին՝ բացահայտելով դրանում թույլ տրված չորս խախտումները: Ըստ Մանուկյանի՝ Կառավարությունը կասկադը վաճառում է ակնհայտ ցածր գնով՝ շրջանցելով ջրային օրենսգիրքը, վնասելով Իրանի հանրապետության հետ հարաբերությունները և շրջանցելով ԱԺ-ն:
«Հիդրոկասկադը վաճառվել է 180 մլն. դոլարով, այն դեպքում, երբ դրա իրական արժեքը համեստ հաշվարկներով մոտ տասն անգամ ավելի է: Սրան գումարած՝ երեք ՀԷԿ-երի, դրանց սպասարկող դերիվացիոն թունելների և այլ ենթակառուցվածքների արժեքը: Սրանք ապացույցներ են առ այն, որ կոռուպցիոն ճանապարհով տեղի է ունեցել ազգային հարստության խայտառակ մասշտաբների կողոպուտ, ինչը ծանր քրեական հանցագործություն է: Երկրորդը, ըստ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրության՝ ջրամբարները մասնավորեցման ենթակա չեն: Խախտվել են նաև այդ օրենքները: Երրորդը, կառավարությունը փորձել է շրջանցել ԱԺ-ն: Վաճառքի ծրագիրը պետք է ներկայացվեր ԱԺ-ի քննությանը: Այն նախ ներկայացված էր մասնավորեցման ծրագրերում, հետագայում հանվել է»,- ասել է Մանուկյանը:
Նրա խոսքով ՝ վաճառքի մասին վերջին խախտումն այն է, որ հաշվի չի առնվել քաղաքական գործոնը, մասնավորապես այն, որ գործարքը կարող է վատ անդրադառնալ Իրանի հետ հարաբերություններին:
Հիդրոկասկադի վաճառքի վերաբերյալ պայմանագրի 4.03 հավելվածում սահմանված է, որ Որոտանի ենթակառուցվածքները չեն կարող օգտագործվել Իրանի հետ էլեկտրամատակարարման գործընթացներում: