«Բանդայի գործով» դատախազ Արսեն Բեգինյանը ցանկանում է գործի նյութերին կցել գործով մեղադրյալներից մեկի՝ 2013 թվականի սեպտեմբերի 7-ին մահացած Արման Դալլաքյանի, նամակը: Այս մասին Epress.am-ին հայտնել է փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Դալլաքյանն իր նամակում, մասնավորապես, գրել էր․ «Ես ինքնախոստովանական ցուցմունք եմ տվել ոստիկանության 6-րդ վարչության դիմակավորված աշխատակիցների ծեծի և ճնշումների ներքո: Ես ավազակային հարձակում չեմ կատարել, թմրանյութ չեմ պահել ինձ մոտ: Իմ գրպանից ոստիկանությունում հանեցին թմրանյութի փաթեթ, որը իմը չէր, ես չէի ուզում ստորագրել արձանագրության տակ, դա իմը չէր: Հետո ես ժխտում էի, որ ավազակային հարձակում եմ կատարել, բայց իրենք ասեցին, որ մեկ է՝ դատվելու եմ թմրանյութ պահելու համար: Դիմակավորված անձինք գցեցին ինձ գետնին ու սկսեցին ծեծել. շուրջ 4 ժամ ծեծում էին, ծեծողները փոխվում էին: Մտածում էի, որ ինձ կտան, կսպանեն, դրա համար քննիչի ասածը գրեցի»։
Նամակն ընթերցվել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ՝ հունիսի 11-ին՝ «Բանդայի գործով» հերթական դատական նիստի ժամանակ։
Գործով մյուս մեղադրյալները նույնպես բազմիցս հայտարարել են, որ իրենց ևս խոշտանգել են:
Հիշեցնենք, որ գործով անցնում են 2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված 5 մեղադրյալներ: Նրանց պաշտպանները հայտարարում են, որ մեղադրյալների նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել, և դրանց հետևանքով կորզված ցուցմունքները չպետք է քննվեն դատարանում և մեղադրականի հիմք դառնան: