Home / Հայաստան / Պատգամավորները դժգոհել են ՀԷՑ-ի բարձր աշխատավարձերից․ պահանջում են միջամտել

Պատգամավորները դժգոհել են ՀԷՑ-ի բարձր աշխատավարձերից․ պահանջում են միջամտել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2013 թվականին ունեցել է 13 միլիարդ դրամ շահույթ, տեսուչը ստանում է 90 հազար դրամ աշխատավարձ, իսկ բարձր պաշտոններ զբաղեցնողները ՀԷՑ-ում ստանում են 10 անգամ ավելին: Այս մասին այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին լսումների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագի բարձրացման հիմնավորումների շարքում Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը նշել է նաև ոլորտի աշխատողներիր աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունը։

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, պատասխանելով Մանուկյանի դիտարկմանը, հայտարարել է, որ ինքն ի պաշտոնե իրավունք չունի միջամտել ընկերությունում աշխատավարձի սահմանմանը: Նազարյանը հայտնել է, որ ՀԷՑ-ում միջին աշխատավարձը 220 հազար է, որը, նրա խոսքով, շատ բարձր չէ հանրապետությունում միջին աշխատավարձից։

«Էլեկտրական ցանցերի» բարձր աշխատավարձերի մասին ԱԺ-ում դժգոհել է նաև ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը։

«Եթե ՀԷՑ-ը ցանկանում է իր աշխատողներին ավելի շատ վճարել, թող տա, բայց իր շահույթների հաշվին, ոչ թե քաղաքացիների»,- հայտարարել է Հարությունյանը։ Նա ասել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է միջամտել աշխատավարձների հարցում, այլապես դա կանի ԱԺ-ն։