Գլխավոր / Հայաստան / Քառյակը կուտակային կենսաթոշակների մասին օրենքի քվեարկությունն անվավեր է ճանաչել

Քառյակը կուտակային կենսաթոշակների մասին օրենքի քվեարկությունն անվավեր է ճանաչել

Ոչ իշխանական քառյակը (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծում փոփոխությունների քննարկումն ու քվեարկությունն անվավեր է համարում: Այս մասին քառյակի ներկայացուցիչների այսօր՝ հունիսի 21-ին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք հայտարարում ենք, որ քննարկումն ու քվեարկությունը անվավեր են եղել: Մենք հասարակության հետ կշարունակենք պայքարել Սահմանադրական դատարանի վճռի ամբողջությամբ իրականացման համար»,- հայտարարել է Զոհրաբյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, իր հերթին, հայտարարել է, որ ՀՅԴ-ն կարող է Սահմանադրական դատարանում վիճարկել կուտակային կենսաթոշակների մասին օրինագծի քվեարկությունը:

Վարդանյանի խոսքով՝ կարող է վիճարկվել ոչ միայն ՀՀԿ խմբակցության գործողությունների սահմանադրականությունը, այլև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները: 

Նշենք, որ «քառյակի» հայտարարությանը միացել է նաև «Օրինաց Երկիր» խմբակցությունը։

Հիշեցնենք, որ այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները։ Օրինագծի ընունմանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, մինչդեռ, ըստ ընդդիմադիրների, ԱԺ-ում ՀՀԿ-ական և անկախ պատգամավորների թիվը միասին կազմել է 64։