Home / Հայաստան / Զոհված զինծառայողի մահվան փաստի առթիվ քրգործ է հարուցվել․ փորձագետը պնդում է՝ հոդվածը փոխել են

Զոհված զինծառայողի մահվան փաստի առթիվ քրգործ է հարուցվել․ փորձագետը պնդում է՝ հոդվածը փոխել են

Հունիսի 20-ին Արարատի մարզի զորամասերից մեկում զոհված Գրիշա Խաչատրյանի դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում 104 հոդվածի 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին ասված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Epress.am-ի հետ զրույցում հունիսի 21-ին Խաչատրյանի դիահերձմանը մասնակցած ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը պնդել է, որ նախապես քրգործ է հարուցվել 373 հոդվածի 3-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի հետ վարվելու կանոնների խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Մարտիրոսյանի խոսքով՝ այդ փաստաթուղթն ինքն ու Խաչատրյանի հարազատներից մեկը տեսել են դիահերձարանում։

Մարտիրոսյանը, այսպիսով, պնդում է, որ հոդվածը վերաորակավորվել է, մինչդեռ ՊՆ-ի հաղորդագրության մեջ այդ մասին չի նշվում։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի 19-ամյա բնակիչ Խաչատրյանի մահվան լուրի տարածումից հետո ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ, նախնական տվյալներով, զինծառայողը մահացել է հակառակորդի գնդակից։ Ավելի ուշ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, որ Խաչատրյանը մահացել է մարտական հենակետում, իսկ միջադեպի մանրամասները ճշտվում են։ Դրանից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Խաչատրյանը, նախնական տվյալներով, մահացու հրազենային վիրավորումը ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով:

Անդրադառնալով քրգործին՝ նախարարության մամուլի ծառայությունն այսօր նաև արձանագրել է, որ 375 հոդվածի 1-ին մասով (Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Կիրակոսյանը։

«Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է դիրքի անձնակազմը: Նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի պարզաբանման նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաբժշկական, ինչպես նաև դատահետքաբանական, դատամատնադրոշմային համալիր փորձաքննություններ։ Քրեական գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել հարցաքննված անձանց ցուցմունքների և ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը», – նշում է ՀՀ ՊՆ-ն: