Երևանի Էրեբունու բաժնի ոստիկանները խոշտանգումների գնով ինքնախոստովանական ցուցմունք կորզելուց հետո՝ քաղաքացի Ալեքսանդր Ցվերիանովին խորոված են հյուրասիրել և օղի խմացրել, հետո էլ արձանագրություն կազմել նրա խմած լինելու մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով գործի մանրամասներին։ Նշենք, որ Ցվերիանովին խոշտանգման միջոցով ստիպել են 16 բնակարանային գողություն խոստովանել, որոնցից մի քանիսի դեպքում անգամ տուժողի բողոք չի եղել։
Սաքունցը նկատել է, որ սա այն եզակի դեպքերից էր, երբ դատարանը ապացուցված է համարել խոշտանգման փաստը։ Ինչևէ ՀՔԾ-ն դատարանի վճիռը ստանալուց հետո էլ չի զբաղվել խոշտանգման փաստի քննությամբ, չի հարուցվել քրեական գործ՝ խոշտանգումը իրականացրած ոստիկանների դեմ։
«Ավելին ՀՔԾ-ն բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում։ Այսինքն՝ սա ապացուցում է, որ դատախազությունն ապօրինությունը հովանավորում է»,- ասել է Սաքունցը։
Արդյունքում՝ բռնություն կիրառած ոստիկանները շարունակում են աշխատել, նրանց լիազորությունները չեն կասեցվել։ Իրավապաշտպանը նշել է, որ Ցվերիանովը 1.5 տարի գտնվել է անազատության մեջ։
Ինքը՝ Ցվերիանովը նշել է, որ դիմելու է Եվրադատարան, քանի որ ինքը ճնշումների պատճառով անօրեն գտնվել է անազատության մեջ, բացի դա, խոշտանգման փաստն ապացուցված է և պետությունը պարտավոր է փոխհատուցել իրեն, ինչպես նաև պատժել խոշտանգումներ իրականացնողներին՝ կանխելու համար հետագա նման դեպքերը։