Home / Հայաստան / Հայազգի խոշոր գործարարը բերման է ենթարկվել Մոսկվայում

Հայազգի խոշոր գործարարը բերման է ենթարկվել Մոսկվայում

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում բերման են ենթարկել հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ Լևոն Հայրապետյանին։

Ինչպես «Ռոսբալտ»-ին հայտնել են հատուկ ծառայությունից, Հայրապետյանը ԱԴԾ-ի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել երեկ՝ հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր ժամանել էր Մոնակոյից․ գործարարին տարել են ՌԴ քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Այնտեղ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին․ առաջիկա օրերին քննիչները մտադիր են դիմել Մոսկվայի Բասմանյան դատարան՝ Հայրապետյանին կալանավորելու միջնորդությամբ։

Հայրապետյանի դեմ գործողություններն իրականացվում են «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում: Խմբի հետ Հայրապետյանի ենթադրյալ կապի մասին քննիչներին հայտնել է նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, ով գտնվում է ցմահ ազատազրկման մեջ։

Լևոն Հայրապետյանը հայկական սփյուռքի տասներորդ ամենահարուստ ներկայացուցիչն է։ Գործարարը Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման լոբբիստ է համարվում։

Լուսանկարը՝ aravot.am