Home / Հայաստան / Շանթ Հարությունյանը Երևանի քաղաքապետին կոչ է արել չդավաճանել հորը

Շանթ Հարությունյանը Երևանի քաղաքապետին կոչ է արել չդավաճանել հորը

Այսօր քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստի մեկնարկին Հարթությունյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կոչ է արել մայրաքաղաքում չտեղադրել Անաստաս Միկոյանի արձանը։

Հարությունյանի խոսքով՝ եթե ցանկանում են բոլշևիկների արձաններ տեղադրել, ապա դրանք կարող են լինել, օրինակ, Կամոյի, Կասյանի, Խանջյանի արձանները:

Քաղբանտարկյալը նշել է, որ Միկոյանը, ի տարբերություն վերը նշվածների, ոչ միայն հայրենքի դավաճան է, այլև ընտանիքի և հոր:

«Գոնե դու, ում հայրը Անդրանիկ Մարգարյանն է եղել, Տարոն ջան, դու պիտի լավ իմանաս, թե ԿԳԲ-ն որքան ստոր կառույց է, ԿԳԲ-ն մարդուն փչացնում է մինչև վերջ, ստիպում է դավաճանել ոչ միայն երկրին, այլև հորը: Մի դարձիր հարազատ հորդ դավաճանած որդի: Եթե պաշտոնիդ բերումով ստիպված ես, գոնե Կամոյի արձանը կառուցիր, ոչ Միկոյանի»,- ասել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը, եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ։ 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։