Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են հրապարակել հարցազրույցներ օրերս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում ձերբակալված երկու և սպանված մեկ ադրբեջանցիների հարազատների և ընկերների հետ: Ըստ հայկական կողմի՝ ձերբակալվածներն ու սպանվածը դիվերսիոն խմբի անդամներ են։
Այսպես, Բաքվի ԶԼՄ-ները, վկայակոչելով համագյուղացիներին, բացահայտել են տղամարդու ինքնությունը, որը, ըստ հայաստանցի ուժայինների, դիվերսանտների առաջնորդն է։ Տղամարդը, ենթադրաբար, Դիլգամ Ասքերովն է, ով ծնունդով Քելբաջարի շրջանի Շափլար գյուղից է։ Ավելի ուշ համացանցում սկսվեց տարածվել ադրբեջանական «Քյափազ Թիվի» ալիքի՝ երկու ամսվա վաղեմության ռեպորտաժը՝ Շամքիրում երեք տղամարդկանց ձերբակալության մասին, որոնք մեղադրվում էին մարիխուանայի աճեցման, օգտագործման և առք ու վաճառքի մեջ։ Ձերբակալվածներից մեկը նույն ինքը Դիլգամ Ասքերովն է։
Ռեպորտաժի համաձայն՝ Ասքերովը աճեցրած թմրամիջոցներն իրացնում էր համագյուղացիների միջնորդությամբ։ Ի տարբերություն իր հաճախորդների՝ Ասքերովն իր մեղքը մասամբ է ընդունել։ Նա հայտարարել է, որ վաճառքի մասին տեղյակ չէր․ կանեփի աճեցման փաստը, սակայն, նա ընդունել էր։ Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել էր քրգործ։
Եթե մարիխուանայի առևտրով զբաղվողների ձերբակալության մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա ավելի հուսալի է թվում հայաստանցի փորձագետների և պաշտոնյաների հնչեցրած վարկածն այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները շփման գիծը հատել ու հետագա սադրանքների դիմել ստիպում են հանցավոր տարրին ու մարդկանց, որոնք դարձել են Ադրբեջանի դատաիրավական համակարգի պատանդները։
Սահմանամերձ շրջանների բնակիչները, գործող զինծառայողներն ու Ղարաբաղյան պատերազմի վետերանները մասնավոր զրույցներում պատմում են, որ հաճախ մարդիկ շփման գիծը հատում են գրազով ու հայկական կողմն այցելելու հետագա ապացույց ներկայացնելու պայմանով։ Զինծառայողները միտումնավոր հատում են շփման գիծն ու իրենց ներկայության հետքեր թողնում՝ տեղի բնակչությանը վախեցնելու նպատակով։ Հաճախ սահմանը հատում են հովիվները՝ փորձելով հասնել մոլորված անասունին։
Ասքերովի դեպքում, Բաքվի ԶԼՄ-ները, վկայակոչելով նրա հարազատներին, պնդում են, որ նա 1999 թվականից ի վեր շուրջ յոթ անգամ հատել է սահմանն ու զբոսնել հայրենի Քելբաջարում, որը, համաձայն հրապարակումների, Ասքերովը գիտի «իր հինգ մատի նման»։
Հիշեցնենք, որ սահմանախախտները հայկական կողմում գտնվել են առնվազն մեկ շաբաթ․ նրանց նկատել են քաղաքացիական անձինք։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ների համաձայն՝ մինչև ձերբակալվելը նրանք հասցրել են գնդակահարել սպայի ու ծանր վնասվածք հասցնել մի կնոջ։ Բացի դա, ադրբեջանցիների՝ Քելբաջարի շրջանում գտնվելու ընթացքում կորել էր Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 17-ամյա Սմբատ Ցականյանը, ում դին գտել են հրազենային վնասվածքով։