Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը շնորհակալություն են հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իրենց հանդիպման կազմակերպման գործում ջանքերի և ծախսած ժամանակի համար։ Այս մասին նշում է երեկ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման պաշտոնական արձանագրության մեջ, որը տարածել են երեք նախագահների մամուլի ծառայությունները։
Իլհամ Ալիևը, մասնավորապես, հույս է հայտնել, որ Պուտինի անձնական մասնակցությունը նոր ազդակ կհաղորդի բանակցային գործընթացին, իսկ Սարգսյանը շնորհակալ է հիմնահարցին ուշադրություն հատկացնելու համար։
Հանդիպմանը Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ասել է․
«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ռուսաստանում ձեզ հետ հանդիպելու հնարավորության համար: Մենք երեկ հնարավորություն ունեցանք խոսել երկկողմ հարաբերությունների մասին և՛ Հայաստանի նախագահի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ: Երեկոյան նաև ոչ պաշտոնական շփում ունեցանք: Իհարկե, փառք Աստծո, մենք երեկ երեկոյան չանդրադարձանք գործնական բնույթի հարցերի, բայց, այնուամենայնիվ, միմյանց հետ տարբեր թեմաներով խոսելու հնարավորություն կար: Իմ կարծիքով, դա որոշակի մթնոլորտ է ստեղծում, որպեսզի բացեիբաց խոսենք ամենադժվար, ամենածանր հարցերով՝ կապված տարածաշրջանային կարգավորման հետ: Բնականաբար, գոյություն ունեն այդ խնդիրների լուծման, ղարաբաղյան կարգավորման միջազգային ձևաչափեր, և, անկասկած, մենք հարգանքով ենք վերաբերում այդ բոլոր միջազգային ձևաչափերին և շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ: Բայց, ելնելով նրանից, որ մեզ մոտ ամեն դեպքում յուրահատուկ, առանձնահատուկ սերտ հարաբերություններ են, այնպիսի խոր նախապատմություն է, որը թույլ է տալիս բացեիբաց մտքեր փոխանակել, թե որտեղ ենք մենք գտնվում և ինչ պետք է անել, որպեսզի առաջ շարժվենք անցյալից մեզ հասած այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Ամեն դեպքում, ինձ թվում է, որ դա օգտակար է: Ամեն դեպքում օգտակար է: Եվ ես շատ ուրախ եմ ձեզ հետ այսօր հանդիպելու և բոլոր այդ թեմաներով խոսելու հնարավորության համար: Եթե ինչ-որ բան ունեք ավելացնելու, խնդրեմ»:
Իլհամ Ալիև. «Շնորհակալ եմ, Վլադիմիր Վլադիմիրի: Շնորհակալ եմ այդ հարցում Ձեր վերաբերմունքի համար: Ինչպես մենք երեկ քննարկեցինք, այդ հարցը պահանջում է իր լուծումը, այն չափազանց երկար ձգձգվեց: Ինչպես Դուք նշեցիք, արդեն գոյություն ունի բանակցությունների ձևաչափը: Գոյություն ունի նաև հակամարտությունների կարգավորման իրավական բազա: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են անվերապահորեն և անհապաղ Ադրբեջանի տարածքից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում: Ցավոք, արդեն անցել է ավելի քան 20 տարի, այդ բանաձևերը մնացել են թղթի վրա: Մինսկի խումբը՝ ի դեմս իր համանախագահների, աշխատում է, փորձում է մերձեցնել կողմերին, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում: Ուստի ես գտնում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր մտերիմ բարեկամ, գործընկեր և հարևան, ունի, իհարկե, յուրահատուկ դեր կարգավորման գործընթացում: Հուսով ենք, որ մոտակա ժամանակում բանակցությունների ուղիով, խաղաղ ճանապարհով մենք կգտնենք լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև կհամապատասխանի արդարությանը»:
Սերժ Սարգսյան․ «Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի և՛ Ձեր ջանքերի, և՛ Ձեր ժամանակի համար՝ այս բարդ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ուշադրություն հատկացնելու համար: Մենք՝ անձամբ հայկական կողմը, դա, իհարկե, շատ բարձր ենք գնահատում: Մենք համարում ենք, որ, իրոք, հիմնախնդիրը կարելի է լուծել, պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են մեզ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերը, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին՝ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Միայն Հայաստանն է, որ կատարել է այդ բանաձևերի կետերը, որն օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները: Եթե մենք վերադառնանք 90-ական թվականների սկզբների իրադարձություններին, ապա ես կարծում եմ, որ մի կողմից լավ կլինի, մյուս կողմից էլ կարող է ինչ-որ տեղ ձգձգվել: Լավ կլինի այն առումով, որ մենք այն ժամանակ եկանք այն եզրահանգման, որ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, իսկ եթե մենք նորից մեղադրենք միմյանց, ես կարծում եմ, որ բավական երկար ժամանակ այդ հիմնախնդիրը չի լուծվի: Ես շնորհակալ եմ Ձեզ, որ Դուք տրամադրված եք հիմնախնդրի լուծմանը, և այդ հարցի լուծումը բխում է Հայաստանի ազգային շահերից»:
Պուտին․ «Ես հաճույքով եմ արձանագրում, որ Ադրբեջանի նախագահն ուշադրություն դարձրեց հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության վրա: Եվ Դուք, այժմ դրա մասին ասացիք: Դա, իրականում, ամենակարևորն է, քանի որ չկա ավելի ողբերգական բան, քան մարդկանց մահը: Պետք է, այնուամենայնիվ, ելնել նրանից, որ կոնֆլիկտային իրավիճակը ձևավորվել է վաղուց, մեզ է հասել անցյալից, մեզ է հասել, կարելի է ասել և պետք է ասել, որպես Խորհրդային Միության ժառանգություն, և մենք պետք է դրսևորենք համբերատարություն, խոհեմություն, հարգանք միմյանց նկատմամբ, որպեսզի այդ լուծումը գտնենք: Անկասկած, յուրաքանչյուր բարդ իրավիճակ կարող է լուծվել, եթե կա բարի կամքի դրսևորում: Ես կարծում եմ, որ նման բարի կամք և՛ ադրբեջանցի ժողովրդի, և՛ հայ ժողովրդի մոտ առկա է»։