ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ոչ թե պետք է բարձրաձայնի Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարաններում առկա խնդիրները, այլ պետք է պահանջի այդ մեկուսարանների վերացումը։ Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։
Epress.am-ը խնդրել է փորձագետին մեկնաբանել Օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրությունը, որում, մասնավորապես, նշվում է․ «Օմբուդսմենի գրասենյակի զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը բարձրաձայնել է Ռազմական ոստիկանության (ՌՈ) կարգապահական մեկուսարանների խցերի պատերին ամրացված և փակվող երկաթե մահճակալները փոխարինելու և յուրաքանչյուր զինծառայողին օրենքով հասանելիք նվազագույն բնակելի տարածքով ապահովելու անհրաժեշտության մասին: Պաշտպանության նախարարությունն այս խնդիրներին պատշաճ լուծում է տվել. տեղադրվել են համապատասխան նմուշի մահճակալներ, ապահովվել է պահանջվող բնակելի տարածքը»:
Մարտիրոսյանի խոսքով՝ ՌՈ կարգապահապան մեկուսարաններն ապօրինի կառույցներ են։
«Դեռևս 2005-ից 2008թթ. փաստաբան Տիգրան Ջալոյանը, ով այսօր գտնվում է արտասահմանում, պայքարում էր կարգապահական մեկուսարան կոչված հասկացության դեմ։ Այն փաստը, որ զինվորներին պահում են կարգապահական մեկուսարաններում, կտրուկ հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ, ըստ Սահմանադրության, անձին կարելի է ազատությունից զրկել միմիայն դատարանի ուժի մեջ մտած դատավճռով։ Այսինքն, բոլոր այն դեպքերը, երբ զինվորին առանց դատավճռի պահում են կարգապահական մեկուսարաններում օրենքի ինչ-որ խախտումների, կամ ինչ-որ զանցանքի համար, բացահայտ անօրինականություն են։ Փաստորեն, ծիծաղելի է, որ օմբուդսմենը և նրա աշխատակազմը խոսում են կարգապահական մեկուսարանների վիճակի բարելավման մասին, այն դեպքում, երբ պետք է խոսել դրանց վերացման և անօրինական լինելու մասին», – ասել է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ բոլոր մարզերում կան Ռազմական ոստիկանության մեկուսարաններ, որտեղ էլ ՀՀ ՊՆ քննչական ծառայության և ՌՈ աշխատակիցների կողմից ծեծվում են զինվորներ ու նրանցից կեղծ ցուցմունքներ են կորզվում։
«Բանակում կատարված միտումնավոր սպանություններն այդ կեղծիքների հետևանքով դառնում են ինքնասպանություններ, անզգուշությամբ կատարված կամ հակառակորդի դիպուկահարի գնդակից կատարված սպանություններ։ Կան բազմաթիվ փաստեր Սարգիս Սահակյանի, Թորգոմ Սարուխանյանի, Արտակ Նազարյանի գործերում, երբ հենց մեկուսարաններում են ճնշումներ գործադրել զինվորների վրա», – եզրափակել է փորձագետը։