Home / Հայաստան / Տավուշում գյուղացիները փակել են ճանապարհը․ պահանջում էին իրենց անտառ թողնել

Տավուշում գյուղացիները փակել են ճանապարհը․ պահանջում էին իրենց անտառ թողնել

Այսօր առավոտյան Տավուշի մարզի Հաղարծին, Թեղուտ, Գոշ համայնքների մոտ 1000 բնակիչներ փակել են միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում էին, որպեսզի իրենց թույլ տան մտնել Դիլիջան Ազգային պարկ և ծառահատում անել՝ ձմեռվա համար վառելափայտ ունենալու համար: Այս մասին Epress.am-ին ասել է Հաղարծինի գյուղապետ Սարգիս Պողոսյանը:

Նրա խոսքով՝ նախորդ տարիներին այս համայնքերի բոլոր տներն անտառից բերված փայտն են վառել: «Հիմա գազը թանկացրել են, փայտ չեն թողնում կտրենք: Ի՞նչ են անելու: Մարդիկ անհանգիստ են իրենց ձմեռվա համար»,- ասել է Պողոսյանը:

Ըստ գյուղապետի՝ Տավուշի մարզի դատախազը, ոստիկանապետը եկել էին ճանապարհին ցույց անող գյուղացիների հետ զրուցելու և բողոքողներին համոզել են, որ մարզպետը կխոսի Բնապահպանության նախարարի հետ, և անտառից ծառահատում անելու արգելքը կհանվի:

Գյուղապետն ասել է, որ նման խիստ քաղաքականություն վարում է Դիլիջան ազգային պարկի նորանշանակ տնօրենը: Հիշեցնենք, որ պարկի տնօրեն է նշանակվել ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին՝ Սահակ Մուրադյանը: