Home / Հայաստան / Պոլիտեխնիկի ռեկտորի ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը փոխել ու նյութեր են տարածել․ նա տուժող է ճանաչվել

Պոլիտեխնիկի ռեկտորի ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը փոխել ու նյութեր են տարածել․ նա տուժող է ճանաչվել

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջին տիրանալու դեպքի առթիվ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Թոքմաջյանը ճանաչվել է որպես տուժող, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քննությամբ պարզվել է, որ անհայտ անձը սեպտեմբերի 5-ին ապօրինի մուտք է գործել նշված սոցիալական ցանցում Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջ, փոփոխել էջի գաղտնաբառը և տիրացել դրան, որից հետո նշված էջով տարածել է «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԻՐԱ ՊԱՊԱՅԻ ՔԻՓ ԸՆԳԵՐԸ» անվամբ համացանցային հղում, որը պարունակում է «Ֆեյսբուքում» Hovhannes Tokmajyan և Ruzan Hayrapetyan օգտատերերի անունից կատարված երկխոսության 4 էջանկարներ:

«Ֆեյսբուքի» Hovhannes Tokmajyan և Ruzan Hayrapetyan էջերի օգտատերեր Հովհաննես Թոքմաջյանը և Ռուզան Հայրապետյանը հայտարարել են, որ համացանցում տարածված երկխոսությունն իրենց կողմից չի կատարվել ու կեղծ է:

«Հանցագործությունը կատարած անձի ինքնությունը և համացանցում տարածված երկխոսության հեղինակներին պարզելու նպատակով նշանակվել են դատահեղինակային և դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջին հասանելիություն ստացած համացանցի բաժանորդի տվյալները պարզելու ուղղությամբ», ֊ ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։