Home / Հայաստան / «Դավիթը կրակելուց հետո ահասարսուռ լացում էր»․ զինվորի սպանության գործը՝ Վերաքննիչում

«Դավիթը կրակելուց հետո ահասարսուռ լացում էր»․ զինվորի սպանության գործը՝ Վերաքննիչում

Նոյեմբերյանի զորամասերից մեկում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղավոր ճանաչված և 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի պաշտպանական կողմն այսօր Վերաքննիչ դատարանում բողոքարկել է վճիռը: Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդել է փոխել մեղադրանքը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 373-ի երկրորդ և երրորդ մասերի (զենքի և զինամթերքի հետ կանոնները խախտելը) կամ սպանության հոդվածի: Նշենք, որ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանություն կատարելու հոդվածով: Այս պահանջը մերժելու դեպքում Սարգսյանը միջնորդել է բեկանել դատավճիռը և հետ ուղարկել գործը նոր քննության, կամ վերջին տարբերակով՝ սահմանել ավելի մեղմ դատավճիռ:

Դատարանում տուժողի իրավահաջորդները՝ Լյուքս Ստեփանյանի հարազատները, հայտարարել են, որ ցանկանում են, որ առաջին ատյանի սահմանած պատիժն ուժի մեջ մնա և որ պաշտպանական կողմի բողոքը մերժվի:

Վերաքննիչ բողոքի մասին կարծիք հայտնելու համար գործով մյուս տուժող Հրաչյա Սարգսյանը, դատարանի որոշմամբ պետք է դատարան ներկայանա: Նիստը հետաձգվել է, որպեսզի վիրավոր զինծառայողը ծանուցվի և գա դատարան:

Դատական վճռի կողմնակալությունը վիճարկելով՝ Երեմ Սարգսյանն իր ճառում հիշեցրել է, որ դատարանը արհամարհել է մի քանի վկաների ցուցմունքներ, օրինակ՝ այն, որ ականատես վկաներից մեկն իր ցուցմունքում նշել է, որ Դավիթը կրակելուց հետո ահասարսուռ լացում էր, ձեռքերը ծնկներին էր խփում, թե էս ի՞նչ արեցի, էս ի՞նչ արեցի:

Սարգսյանն ասել է, որ միջադեպը դժբախտ պատահար էր՝ կատակի հետևանք:

Նշենք, որ սպանության դեպքից հետո Ստեփանյանի հարազատները որդու դին որոշել էին տեղափոխել Երևան։ Սևան-Երևան մայրուղու վրա նրանց հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, և երկար բանակցություններից հետո համոզել էր Իշխան Ստեփանյանին տուն վերադառնալ և հողին հանձնել որդուն։ Օհանյանը խոստացել էր իր հսկողության տակ պահել քրեական գործի քննությունը։

Երեմ Սարգսյանն ավելի վաղ Epress.am-ին ասել էր, որ գործը հենց առաջին օրվանից հասարակական լայն հնչեղություն ստացավ, և «իրավապահ մարմինները, պետական պաշտոնոտար անձինք փորձում են հասարակությանն ի ցույց դնել, թե՝ տեսեք, այս գործով ամբողջությամբ օբյեկտիվ նախաքննություն ու դատաքննություն է իրականացվում»։