Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել 16 քաղաքացիներն ընդդեմ «Իրավունք» թերթի գործով դատական նիստը: Հայցի առարկան «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի (լուսանկարում՝ աջից) հոդվածն էր՝ վերնագրված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը»: Այդ հոդվածում հեղինակը ներկայացնում էր 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` նրանց ֆեյսբուքյան էջերի հիպերհղումներով: Հոդվածագիրը ընտրել է այն քաղաքացիների էջերը, ովքեր Ինգա և Անուշ Արշակյաններ երգչուհինների ֆեյսբուքյան ասուլիսի էջում գրառումներ են կատարել և մեղադրել երգչուհիներին հոմոֆոբ արտահայտություններ անելու մեջ: Նրանց մի մասն աշխատում է հասարակական կազմակերպություններում, որոնք զբաղվում են նույնասեռականների իրավունքների պաշտպանությամբ։ Քաղաքացիները թերթից պահանջում են հերքում տպել և փոխհատուցել 5 միլիոն դրամ:
Ներկայացնելով հայցը՝ քաղաքացիների պաշտպան Նվարդ Փիլիպոսյանն ասել է, որ հոդվածն արատավորել է քաղաքացիների պատիվը, նպատակ է ունեցել վիրարվորել և եղել է հրապարակային:
«Այն, որ հոդվածը հրապարակային է, ապացուցվում է միայն 3500-ից ավելի դիտումներով: Այն արատավորում է պատիվը, քանի որ մեղադրում է քաղաքացիներին պետական դավաճանության մեջ, ինչը քրեական հոդված է: Եվ նպատակ ունի վիրավորելու, քանի որ հոդվածագիրը դիմում է պետական մարմիններին՝ խնդրելով աշխատանքից ազատել այդ անձանց, լրատվամիջոցներին՝ [պահանջելով] զերծ մնալ նրանց «լոբբինգից», այսինքն՝ դրդում է ագրեսիվ գործողությունների»,- ասել է հայցադիմումը ներկայացնող փաստաբանը:
Կողմը վիրավորական է համարում ոչ միայն «ազգի և պետության թշնամի» որակումը, այլև «զոմբի» բառը, որը, ըստ, Լեզվի պետական տեսչության սահմանման, նշանակում է չար ուժի կամքն անգիտակցորեն կատարող:
Դատական նիստի ողջ ընթացքում պատասխանող Հովհաննես Գալաջյանը փորձել է հայցի քննությունը շեղել բուն նյութից և շարունակել է վիրավորել հայցվորներին:
«Դուք համարում եք, որ լոբբինգ բառը վիրավորակա՞ն է, իսկ «համասեռամոլների լոբբինգ» բառը վիրավորակա՞ն է»,- մասնավորապես, ասել է Գալաջյանը:
Փիլիպոսյանը պատասխանել է, որ հարցը գործին չի վերաբերում, սակայն ավելացրել է, որ ավելի կոռեկտ է «նույնասեռական» եզրը:
Պատասխանողի պաշտպան Լևոն Բաղդասարյանը, իր հերթին, օգտագործել է «գալուբոյիզմ» եզրը: Նա ասել էր, որ, համաձայն ՀՀ Սահմանադրության, յուրաքանչյուր ոք իրավունք ունի կարծիք արտահայտել, իսկ Հովաննես Գալաջյանը կարծիք է հայտնել, որ «գալուբոյիզմը» սպառնալիք է ազգային անվտանգությանը:
«Ես էլ եմ կիսում այդ կարծիքը»,-ասել է Բաղդասարյանը:
Գալաջյանը նաև մի քանի անգամ կրկնել է, որ ՀՀ օրենսդրությունը չի սահմանում «ատելության քարոզ» հանցանքը, ինչի մեջ իրեն մեղադրում է հայցվոր կողմը: Նա նաև հերքել է, որ անձնական վիրավորանք է հասցրել, թեև հոդվածում նշել է բոլոր 60 հոգու անուն֊ազգանունները:
Գալաջյանի պաշտանը միջնորդել է մերժել հայցը և բոլոր 16 հայցվոր քաղաքացիներից պահանջել 35000-ական դրամ՝ Գալաջյանին փաստաբանական ծախսերը փոխհատուցելու համար:
Դատարանը վճիռը հրապարակելու է հոկտեմբերի 30-ին: