Home / Հայաստան / Պատգամավորը նախարարին ասել է՝ ինչպես պետք է ստուգել դեղերի որակը

Պատգամավորը նախարարին ասել է՝ ինչպես պետք է ստուգել դեղերի որակը

ՀՀ Առողջապահության նախարարության քաղաքականությունն անօրինական և կեղծ դեղերի դեմ պայքարում հետևում է այն կարգախոսին, որ վերահսկողությունը չպետք է լինի սպառողների հաշվին, այսինքն՝ չպետք է բերի գների աճին: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Շուկայում անորակ, ժամկետանց և չգրանցված դեղերի առկայության և դեղերի ստուգման հարցը բարձրացրել են մի քանի պատգամավորներ, սակայն նախարարն ըստ էության հարցին չի պատասխանել։

Մուրադյանն ասել է, որ կեղծ դեղերի շրջանառության դեմ այլ միջոցների թվում պայքարելու է նաև «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը դրանում արված փոփոխություններից հետո, որով ապրանքները, մասնավորապես, դեղերը, պարտադիր դրոշմապիտակավորվելու են։

«Մեր հաշվարկներով, որը մենք անցկացրել ենք խոշոր ներկրողների հետ համատեղ, դրոշմապիտակների գինը կազմելու է 2-5 դրամ և ոչ ավել։ Սա նշանակում է, որ գների էական թանկացում պետք է որ տեղի չունենա: Այսինքն եթե որևէ սուբյեկտ չհիմնավորված գին բարձրացնի, մենք անպայման կանդրադառնանք այդ դեպքին», ֊ ասել է Մուրադյանը:

Նրա խոսքով՝ այժմ պետք է քննարկումներ անցկացվեն փորձագետների կողմից, որպեսզի դրոշմապիտակը հարմարեցվի չափերով փոքր դեղերին, այն չպետք է ծածկի դեղի անունը, ժամկետը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրել է, որ դրոշմապիտակների հարցը ԱԺ ներկայացնելուց Կառավարությունը երբևէ չի փաստարկել, որ դրանք ունենալու են դեղերի անվտանգության ապահովման նշանակություն:

«Այդ փաթեթով դրոշմապիտակները դրվելու են և՛ կոնֆետների, և՛ այլ ապրանքների վրա: Այդ նախագիծը ունի ֆիսկալ նշանակություն», ֊ ասել է Արծվիկ Մինասյանը:

Նա նշել է, որ ներկրված դեղի որակը պետք է ստուգվի սահմանին և Առողջապահության նախարարության կողմից դեղատներում անցկացվող ստուգայցերի միջոցով, անկախ նրանից՝ կա արդյոք դրոշմապիտակ, թե ոչ: