Home / Հայաստան / «Կարֆուրը» խոստանում է՝ գյուղմթերքի 95%֊ը գնելու է հայաստանցի արտադրողից

«Կարֆուրը» խոստանում է՝ գյուղմթերքի 95%֊ը գնելու է հայաստանցի արտադրողից

«Կարֆուր» սուպերմարկետների ցանցն իր գործունեությունը Հայաստանում կսկսի հունվարի վերջին։ Այս մասին այսօր ցանցի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան Դը Նալն ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ զրույցում։

Նշենք, որ ցանցի առաջին սուպերմարկետը նախատեսվում է բացել «Երևան մոլ» առևտրի կենտրոնում։

Դը Նալը նախարարին նաև տեղեկացրել է, որ «Կարֆուր» ցանցում նախապատվությունը տրվելու է տեղական արտադրանքին, իսկ գյուղմթերքի 95%֊ը ձեռք է բերվելու անմիջապես հայաստանցի արտադրողներից:

Համաձայն գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության՝ Կարապետյանը հույս է հայտնել, որ տեղական արտադրողների նկատմամբ կներկայացվեն ավելի մեղմ պահանջներ, իսկ ցանցի խանութների գնագոյացումը կիրականացվի ելնելով հայկական շուկայի առանձնահատկություններից:

Քրիստիան Դը Նալը նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների` խորհրդատվություններ մատուցելու վերամշակող ճյուղի տարբեր ոլորտների ընկերություններին՝ արատադրանքի որակի և տեսականու հարցում:

Նախարարը խոստացել է նախքան ցանցի բացումը կազմակերպել «Կարֆուր»-ի ներկայացուցիչների հանդիպումը վերամշակող ընկերությունների հետ: