Home / Հայաստան / Պատգամավորն ու նախարարն ԱԺ֊ում վիճել են՝ ում կոստյումն է ավելի էժան

Պատգամավորն ու նախարարն ԱԺ֊ում վիճել են՝ ում կոստյումն է ավելի էժան

2015 թվականին Հայաստանում բազային կենսաթոշակը 14.000 դրամից դառնալու է 16.000 դրամ, միջին կենսաթոշակը 36000-ից՝ 41.000 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղն արդեն 56 հազար դրամ է: Մեջբերելով բյուջեի վերոնշյալ հատվածը՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ֊ում հարց է ուղղել ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին՝ ինչպե՞ս պետք է վերոնշյալ փաստերն ընդունի ՀՀ քաղաքացին այն դեպքում, եթե Խաչատրյանը, 1996 թվականից միայն պետական պաշտոններ զբաղեցնելով, ունեցվածքի մասին հայտարարագրում նշում է, որ 6 միլիոն դոլար ունի:

ՀԱԿ պատգամավորն ընդգծել է, որ Խաչատրյանը խոսում է ուսուցիչների աշխատավարձը մի քանի հազար դրամով բարձրացնելու մասին, մինչդեռ նրա մի կոստյումն ավելի թանկ է, քան ուսուցչի մի քանի տարվա աշխատավարձը:

Ֆինանսների նախարարը պատասխանել է, որ իր հայտարարագրած գումարները պաշտոնական են ու ճշտված, իսկ կոստյումները պետք է մի կողմ թողնել, քանի որ Նիկոլ Փաշինյանի կոստյումը ևս ավելի թանկ է, քան սահմանամերձ գյուղի խեղճ ու կրակ բնակչինը:

Պատգամավորն առաջարկել է հանել պիջակները, որպեսզի լրագրողները տեսնեն՝ ումն է ավելի թանկ, իսկ Խաչատրյանը հայտարարել է, որ լրագրողների դիմաց չի ցանկանում հանվել: