Home / Տեսանյութեր / Նաիրիտցիները «Արմավիայի» սցենարն են կանխատեսում. նրանց հեռացնելու են աշխատանքից

Նաիրիտցիները «Արմավիայի» սցենարն են կանխատեսում. նրանց հեռացնելու են աշխատանքից

«Նաիրիտ» գործարանի մեծ թվով աշխատակիցներ այսօր հերթական բողոքի ակցիան են անցկացնում ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին։ Այս մեծ բողոքի առիթն այն է, որ «Նաիրիտի» աշխատակիցները պետք է ստորագրեն ծանուցում այն մասին, որ փետրվարի 6-ից այլևս հեռացվելու են աշխատանքից:

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք տեղեկություն ունեն, որ աշխատանքից ազատվելու են բոլորը՝ անկախ նրանից՝ կստորագրեն, թե՝ ոչ: Բողոքի ակցիայի մասնակիցները ենթադրում են, որ «Նաիրիտի» սեփականատերերը ցանկանում են կեղծ սնանկություն ձևակերպել, որպեսզի աշխատավարձ չստացած քաղաքացիները դիմեն դատարան և չկարողանան նույնիսկ այդ ձևով իրենց աշխատավարձերը ստանալ:

«Հիմա կա մոտ 2100 աշխատող, կհեռացնեն, կթողնեն մոտ 500 աշխատող, նրանց հետ նոր պայմանագրեր կկնքեն, ու մեր 18 ամիս չստացած աշխատավարձերը կգրվեն սառույցին»,-Epress.am-ի հետ զրույցում ասել է «Նաիրիտի» աշխատակիցներից մեկը:

Բողոքի ակցիայի մասնակիցները կանխատեսում են մոտավորապես «Արմավիա» ընկերության սցենարը, որի աշխատակիցները ևս մնացել են առանց ստանալիք աշխատավարձերի ՝ «Արմավիայի» սննակության պատճառով:

1nairit

Նաիրիտցիները հայտնել են նաև, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացել էր, որ դեկտեմբերին աշխատավարձերը կվճարեն, սակայն մոտ մեկ շաբաթ առաջ իրենք ստացել են ընդամենը մեկ ամսվա աշխատավարձը և խոստում, որ մինչ Նոր տարվա տոները կտրվի ևս մեկ ամսվա աշխատավարձ:

«Սկսվում է 2015 թիվը, մենք վերջինը ստացել ենք 2013 թվականի մարտի աշխատավարձը»,- ասել է «Նաիրիտի» բուժկետի աշխատակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, որ հույսեր չի կապում նաև Կառավարության հետ, այդ պատճառով դիմում են նախագահին․

«Կառավարությունն ասում է, որ ինքը միայն «Նաիրիտի» 10 տոկոսի սեփականատերն է և չի կարող ողջ ընկերության համար պատասխան տալ: Իսկ թե ովքեր են մնացած սեփականատերերը, չեն ասում»: