Մինչ ԼՂՀ-ում զոհված զինծառայող Արման Մուրադյանի ծնողները պահանջում էին իրենց որդու գործով դատական նիստերն անցկացնել Հայաստանի տարածքում, այլ ոչ թե ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, դատարանը վճիռ է կայացրել: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը: Նրա խոսքով՝ իրենք իմացել են, որ որդու գործով վճիռը կա, երբ զանգել են դատարան տեղեկանալու՝ ինչու է հաջորդ նիստի ծանուցումը ուշացել:
«Դեկտեմբերի 2-ն էր, և մեզ ասացին, որ գործով վճիռը կայացվել է նոյեմբերի 11-ին: Սա հերթական անօրինական գործողությունն է: Մենք պահանջել ենք գոնե դատավճիռը մեզ ուղարկել, որպեսզի բողոքարկենք»,- ասել է Հովսեփ Մուրադյանը:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Մուրադյանների ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Մուրադյանը, իրենք պատրաստվում են նաև բողոք ներկայացնել «Դատալեքս» էլեկտրոնային կառավարման և տեղեկությունների տրամադրման համակարգի դեմ:
«Դատալեքսի» կայքը, որը տեղեկատվություն է տեղադրում ՀՀ դատարաններում քննվող գործերի վարույթների մասին, Արման Մուրադյանի գործով դատավճռի մասին չէր գրել:
Մուրադյաններին նույնիսկ բանավոր չեն ասել՝ ինչ պատիժ է ստացել իրենց որդու գործով անցնող մայոր Էմիլ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Մուրադյանների ընտանիքը բոյկոտում էր դատական նիստերը՝ պնդելով, որ դրանք ՀՀ Սահմանադրության և օրենքների խախտմամբ են գումարվում՝ ՀՀ դատարանը չի կարող նիստ գումարել այլ երկրում՝ ԼՂՀ-ում։ Մուրադյանը պահանջել էր գործը տեղափոխել Հայաստան, սակայն նրա պահանջը մերժվել էր:
Այսօր զոհված զինծառայողի հայրը դատավճռի դեմ բողոք-նամակներ է գրել ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին և գործը քննող դատավոր Ա. Մնացականյանին: Մուրադյանը բազմիցս նշել է, որ չի հավատում, թե իր որդուն ինքնասպանության են հասցրել։ Ինքնասպանության վարկածը հերքել էր նաև ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։
«Ըստ քրեական գործով հաստատված փաստերի՝ իմ որդուն հայհոյել հարվածել և նսեմացրել է մայոր Էմիլ Ավետիսյանը, որից վայրկյաններ անց հայտնաբերվել է տղայիս դիակը հրազենային վնասվածքով, սակայն քրեական գործի քննության որոշակի փուլում իրադարձությունները փոփոխվել և իրական հանգամանքները կոծկել են։ Այնպես է սարքվել, որ իբրև մայոր Էմիլ Ավետսիյանի գործողությունները և իմ տղայի մահը իրար հետ կապ չեն ունեցել: Ամբողջ քրեական գործից հետևում է, որ այդ սպայի կողմից որդուս հայհոյելու, հարվածելու ու նսեամացնելու արդյունքում, տղաս, չդիմանալով, ինքնասպան է եղել, սակայն քրեական պատասխանատվությունից այդ անձին ազատելու համար նրան վերագրել են ընդամենը զինվորին հայհոյելը և հարվածելը», – Պաշտպանության նախարարին ուղղված նամակում գրել է Մուրադյանը: