Մեկ ամիս հարկադիր հոգեբուժման ենթարկված Ժուլետա Ամարիկյանի նկատմամբ հոգեբուժարանում խոշտանգումներ իրականացնելու առթիվ նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին Հայրապետյանն ասել է այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ։
«Արժանապատվությունը նվաստացվել է, և ծանր պայմաններում պահվել է մեկ ամիս, չի ունեցել սեփական մահճակալ, անգամ չի լողացել ամառվա այդ մեկ ամիսը, չի ունեցել տարրական հիգիենայի պարագաներ»,- ասել է փաստաբանը:
Ամարիկյանը հոգեբուժարան էր տեղափոխվել դատարանի որոշմամբ, որը, սակայն, հետագայում բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում և առաջին ատյանում՝ բեկանվել:
Բեկանումից հետո Ամարիկյանը, ճանաչվելով հոգեպես առողջ, հոգեբուժարանից դուրս է գրվել: Նրա պաշտպանները դիմել են ՀՔԾ՝ քրեական գործ հարուցելու և դատավորին, հեգեբուժարանի աշխատակիցներին, ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
«Հոգեբուժական համակարգը կարող է օգտագործվել որպես պատժիչ գործիք նույնիսկ անձնական հարցերի լուծման համար: Չնայած մենք հիշում ենք, որ այն օգտագործվել է նաև քաղաքական նպատակներով, օրինակ, Շանթ Հարությունյանի հանդեպ: Կարևոր է, որ ինքը՝ Ամարիկյանը, կամք դրսևորեց իր իրավունքների պաշտպանության հարցում: Էնպես չի, որ դա եզակի դեպք է: Մարդիկ ուղղակի մտածում են՝ ելք չունեն»,- այսօրվա քննարկմանն ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ Ժուլետա Ամարիկյանը պնդում էր, որ հոգեբուժական կլինիկա տեղափոխվել է բնակարանի շուրջ եղբոր հետ ծագած վեճի պատճառով: