Home / Հայաստան / Կնոջը ծեծելու և նվաստացնելու մեջ մեղադրվող տղամարդուց 4 միլիոն դրամ են պահանջել

Կնոջը ծեծելու և նվաստացնելու մեջ մեղադրվող տղամարդուց 4 միլիոն դրամ են պահանջել

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը որոշել է վերսկսել ամուսնու դեմ բողոքող Հասմիկ Խաչատրյանի գործով դատավարությունը՝ քրեական գործին միացնելով նաև տուժածի քաղհայցը՝ 4 միլիոն դրամ փոխատուցման պահանջով: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Հասմիկ Խաչատրյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը: 

Վերջինս նշել է, որ իրենք Խաչատրյանի ամուսնուց՝ Սարգիս Հակոբյանից (լուսանկարում նստած է), պահանջում են մեկ միլիոն դրամ որպես ամուսնու ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքների բուժման համար ծախսված գումարի փոխհատուցում և 3 միլիոն դրամ՝ որպես բարոյական փոխհատուցում:

Քաղհայցը գործին միացնելու մասին որոշումը դատարանը հրապարակել է այսօր գործով  կայացած հերթական դատական նիստի ժամանակ, երբ պետք է հնչեր կնոջը բռնության ենթարկելու մեջ մեղադրվող Սարգիս Հակոբյանի պաշտպանի ճառը: Մեղադրվող կողմն առայժմ դիրքորոշում չի հայտնել նաև քաղհայցի պահանջի մասին: Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 22-ին:

Դատավարության ընթացքում տված իր ցուցմունքում Հասմիկ Խաչատրյանը պատմել էր, թե ինչպես է Սարգիս Հակոբյանը տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկել և նվաստացրել: Ամուսինը դատարանում հայտարարել է, որ ընդամենը մեկ անգամ հարվածել է կնոջը՝ խանդի հողի վրա: