Այսօր վաղ առավոտյան Գյումրիում սպանվել են մեկ ընտանիքի 6 անդամներ, մեկը վիրավոր է: Այս տեղեկությունը Epress.am֊ին տեղեկացրել է Ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը: Այլ մանրամասներ նա չի հայտնել՝ ասելով, որ ներկա պահին հանգամանքները ճշտվում են։
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Epress.am֊ին հայտնել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորական կոշիկներ, որոնք պատկանում են Գյումրիի 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին։
Սպանվել է ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, մայրը` Հասմիկ Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, որդին` Արմեն Ավետիսյանը, որդու կինը՝ Արաքս Ավետիսյանը, 1.8 տարեկան թոռը՝ Հասմիկ Ավետիսյանը: Հարձակումից հետո միակ կենդանի մնացածը վեցամսական Սերյոժա Ավետիսյանն է․ նա տեղափոխվել է Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց, երեխային վիրահատել են:
Հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը News.am-ին հայտնել է, որ երեխային հիվանդանոց են բերել ծայրահեղ ծանր վիճակում, նրա կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վերք կա, վիրահատությունից հետո գտնվում է ծանր վիճակում:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանները: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ընտանիքի հարևանուհին պատմել է, որ ինքը առավոտյան 6:20 պայթյուն կամ կրակոց է լսել: Բարսեղյանի հաղորդմամբ՝ սպանվածներին հայտնաբերել է տանտիրուհու քույրը: Բացի տանտիրուհուց, մյուսները գնդակահարված են եղել անկողիններում: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ նաև նշում է, որ դեպքի վայր է ժամանել 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին։
Լուսանկարը՝ Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի «Ֆեյսբուք»֊ի էջից