Home / Հայաստան / Ընտրություններ Արմավիրում․ 6 թեկնածուներից 5-ը ՀՀԿ֊ից են, 1-ը՝ ՀՀԿ֊ականի որդի․ «ՀԺ»

Ընտրություններ Արմավիրում․ 6 թեկնածուներից 5-ը ՀՀԿ֊ից են, 1-ը՝ ՀՀԿ֊ականի որդի․ «ՀԺ»

Արմավիրում ընտրողները փորձում են վերծանել հանելուկն այն մասին, թե ինչպես է, որ բարեկամներ հանդիսացող Ռուբեն Խլղաթյանը և պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին՝ Արտակը, քաղաքապետի պաշտոնի թեկնածուներ են, գրում է «Հայկական ժամանակը»։

Թերթը նշում է, որ անակնկալ է նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանի օգնական Նվեր Պետրոսյանի առաջադրումը։ Պետրոսյանը և Խլղաթյանը ՀՀԿ֊ից են, իսկ Արտակը, չնայած անկուսակցական է, նրա հայրը կուսակցության երևելի դեմքերից է։

Արմավիրում լավատեղյակ անձինք պնդում են, որ Նվեր Պետրոսյանը մարզպետ Ղահրամանյանի թեկնածուն է, վայելում է նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի աջակցությունը։ Նա մտերիմ է մյուս երիտհանրապետականների հետ, հանձին պատգամավոր Կարեն Ավագյանի։ «ՀԺ»-ի տեղեկություններով՝ Խլղաթյանի առաջադրումն անգամ Սերժ Սարգսյանի սրտով չէ, և նրան «գահընկեց» անելու տարբերակներ են փորձում։ Դրա պատճառներից մեկն այն է, որ 2013թ․ նախագահական ընտրություններում նա չի կարողացել Սարգսյանին պատշաճ քվեներ բերել, և վերջինս Արմավիրում պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ որևէ պարզաբանում Ռուբեն Խլղաթյանից թերթի թղթակցին ստանալ չհաջողվեց։ Հանելուկը չկարողանալով լուծել՝ լրագրողը հանդիպում է խնդրել փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանից, ով նույնպես թեկնածուների թվում է։ Նա համաձայնեց մի քանի րոպեից ընդունել, և այդ ընթացքում ընդունարանից լսվում էր, թե ինչպես է նա լրագրողի այցի մասին զեկուցում «մրցակից թեկնածուին»՝ Ռուբեն Խլղաթյանին, և վերջինից ստանում ցուցումներ, թե ինչ ասի։ Լրագրողի հարցին՝ ինչպես է, որ երկու «մրցակիցներ» միմյանց հետ պայմանավորվում են, թե ինչ խոսել, Բաղդասարյանը չպատասխանեց, փոխարենը՝ շփոթված նայում էր։

ՀՀԿ Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը կարծում է, որ Բաղդասայանը քաղաքապետից ցուցումներ է ստանում զուտ վերադասության կարգով։ Չնայած ավելի ուշ «ՀԺ»-ի թղթակցին հայտնի դարձավ, որ Բաղդասարյանը քաղաքապետի զարմիկն է՝ քրոջ որդին։

Այսպիսով, 6 թեկնածուներից 5-ը կամ ՀՀԿ֊ից են, կամ ՀՀԿ֊ական շրջանակից, և կուսակցությունը որոշում չունի, թե ում սատարի։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում