Home / Հայաստան / Թբիլիսիում ծեծի են ենթարկել լրագրողի (տեսանյութ)

Թբիլիսիում ծեծի են ենթարկել լրագրողի (տեսանյութ)

Վրաստանի իրավապահները նախօրեին՝ մարտի 5֊ին, ձերբակալել են մարտի 4֊ին Թբիլիսիում կայացած ակցիայի մասնակցին՝ Իվանէ Բեգիաշվիլիին, ով ծեծի է ենթարկել «Ինտերպրեսսնյուս» տեղեկատվական գործակալության ֆոտոլրագրող Իրակլի Գեդենիձեին։ Ակտիվիստին մեղադրում են լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու ու գույքային վնաս հասցնելու մեջ։ Ինքը՝ Գեդենիձեն, ու հարձակման ականատեսները պնդում են, որ լրագրողի վրա հարձակվել է երկու մարդ․ մեկը բռնել է նրան՝ թույլ չտալով փաչխել, մյուսը՝ հարվածել դեմքին ու կոտրել տեսախցիկը։ Այդ մասին վկայում են նաև կադրեր դեպքի վայրից։

Գեդենիձեի մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում, ինչպես նաև կարեր են դրել պատռված շուրթին։ Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել նախքան ակցիայի մեկնարկը․ հետևելով միջոցառման լուսաբանման ստանդարտ կարգին՝ Իրակլին լուսանկարում էր նախապատրաստական փուլը։ Լուսանկարիչը պնդում է, որ երիտասարդը, որը հետագայում ծեծել է իրեն, իր օբյեկտիվում հայտնվել է միայն մի ակնթարթ։

«Ես փորձում էի նրան բացատրել, որ, ակցիային գալով, մարդը պետք է պատրաստ լինի տեսախցիկների օբյեկտիվում հայտնվելուն։ Ասացի, որ լրագրող եմ ու իմ աշխատանքն եմ անում, ինչից հետո նա սկսեց հայհոյել ու փորձեց խլել տեսախցիկս։ Հետո հարվածեց։ Այդ պահին ինձ հետևից մոտեցավ ևս մեկն ու բռնեց՝ օգնելով ծեծել ինձ։ Իհարկե, նման ակցիաների ժամանակ միշտ էլ կա այսպիսի միջադեպերի հավանականություն։ Դա պայմանավորված է անպատժելիության սինդրոմով»,֊ լրագրողի խոսքերն է փոխանցում «Էխո Կավկազա»֊ն։

Վրաստանի Լրագրողական էթիկայի կանոնադրության խորհրդի անդամ Գեորգի Մգելաձեն դրական է համարել «լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու» հոդվածով գործի հարուցումը։ Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է հույսեր չներշնչող նախադեպերի մասին․ «Կադրերը վկայում են, որ հարձակմանը մասնակցել է երկու մարդ, սակայն ձերբակալվել է միայն մեկը։ Ցանկանում եմ, սակայն, ասել, որ նախկինում նման դեպքերի մեծ մասը փորձում էին կոծկել, չէին դասակարգում հատուկ հոդվածով։ Ու նույնիսկ եթե, այնուամենայնիվ, այդ հոդվածով մեղադրանք էին առաջադրում, գործը, որպես կանոն, ավարտին չէին հասցնում։ Մեղադրյալներն արդյունքում իրենց արարքի համար պատասխանատվության չէին ենթարկվում»։

Կայքը նշում է, որ Իվանէ Բեգիաշվիլիի հայրը՝ Գեորգի Բեգիաշվիլին, այսօր հեռացվել է «Ազատ Վրաստան» կուսակցությունից։ «Ազատ Վրաստանի» առաջնորդ Կախա Կուկավան ասել է, որ կուսակցությունը չի կարող արդարացնել այն, ինչի դեմ արդեն տասը տարի է պայքարում է։