23:50 Այսօր ՀՀ Քննչական կոմիտեում հարցաքննվել են «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության 5 անդամներ՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը և Պավել Մանուկյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել 35-225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով (զանգվածային անկարգություններ նախապատրաստելը)։ Ձերբակալվածներին դատարան են տարել, որտեղ էլ վճիռ է կայացվել որպես խափանման միջոց 2-ամսյա կալանք կիրառել։ Ապրիլի 7-ին ձերբակալված նախաձեռնության ևս մեկ անդամ՝ Արամ Հակոբյանը, Քննչական կոմիտե չի բերվել: Նա առայժմ մնում է կասկածյալի կարգավիճակում:
Քննչական կոմիտեն տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ «խուզարկություններ են կատարվել Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հովհաննես Ղազարյանի, Արամ Հակոբյանի բնակության վայրերում, «Հիմնադիր խորհրդարան նախաձեռնության» Երևանի, Լոռու և Գյումրու մարզային գրասենյակներում, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միություն» ՀԿ գրասենյակում, ինչպես նաև՝ «Սարդարապատ» ՀԿ գրասենյակի ու դրա կարիքների համար օգտագործվող ավտոմեքենայում: հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ1» տեսակի մարտական նռնակ՝ իր պայթուցիչով, մարմնական վնասվածքներ պատճառելու համար գործարանային արտադրության և ինքնաշեն եղանակով հարմարեցված շուրջ չորս տասնյակից ավելի մետաղյա և փայտյա ձողեր, մահակներ, մեկական կռփազենք և նունչագի, հինգ դանակ, երկու սուր, մեկ դաշույն, երկու էլեկտրաշոկ, ինչպես նաև՝ կապի միջոցներ, հակագազ և օդազտիչ դիմակ»:
18:20 Այսօր Էրեբունիի Ձերբակալվածների պահման վայրից ՀՀ քննչական կոմիտե տեղափոխված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության 5 անդամներին հարցաքննել են։ Ինչպես ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ, Վարուժան Ավետիսյանի հարցաքննությունն ավարտվել է 17։20-ի սահմաններում և նրան Քննչական կոմիտեից տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։ Ավետիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով (զանգվածային անկարգություններ նախապատրաստելը)։
Այս պահին ընթանում է «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունը:
Քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիա են անցկացնում նախաձեռնության անդամներն ու համակիրները։
Հիշեցնենք, որ նախաձեռնության 6 անդամներին՝ Ժիրայր Սեֆիլյան, Պավել Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Արամ Հակոբյան, Գևորգ Սաֆարյան, Գարեգին Չուգասզյան, ձերբակալել էին ապրիլի 7-ին։
Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի, ձերբակալությունները կապված են այն փաստի հետ, որ իրավապահ մարմինները տեղեկություններ են ձեռք բերել, թե «մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի»։
«Հիմնադիր խորհրդարանն» իր առջև իշխանափոխության խնդիր է դրել։ Միևնույն ժամանակ, նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ավելի վաղ նշել էր, որ ապրիլի 24-ին իրենք չեն պատրաստվում խժդժություններ կազմակերպել։