2001 թվականի աշնանը զորակոչված և 1,5 ամիս անց նյարդային հիվանդություն ձեռք բերելու պատճառով զորացրված վանաձորցի Գրիգոր Եսայանը բժշկական ստուգումներ է անցնում Հայաստանում։ Եսայանը մտադիր է դրանց արդյունքները ուղարկել Գերմանիա, որից հետո ցանկանում է բուժումը շարունակել այդ երկրում։
Epress.am-ի հետ զրույցում Եսայանն ասել է, որ Հայաստանում բժշկական բոլոր ստուգումների հարցում իրեն ֆինանսապես աջակցում է Պաշտպանության նախարարությունը, սակայն արտերկրում բուժման ծախսը ՊՆ֊ն իր վրա չի վերցնում:
«ՊՆ-ն պատրաստ է ճանապարհային ծախսերը հոգալ, սակայն բուժման հարցերի համար մենք հաշվեհամար ենք բացել, եթե գումար հավաքվի, ես կկարողանամ բուժում ստանալ», – ասել է երիտասարդը:
Վերջերս Եսայանը մեջքի և պարանոցի մագնիսա֊ռեզոնանսային տոմոգրաֆիա է անցել, մայիսին նշանակվել է նաև գլխի տոմոգրաֆիա: Եսայանի խոսքով՝ առաջին երկու ստուգումները դրական տեղաշարժ են ցույց տվել: Նա սպասում է երրորդ ստուգմանը:
Գրիգորը պատմել է, որ ինքն առողջ էր, երբ բանակ գնաց, թունավորվել է զորամասում՝ 2001 թվականին, տեղափոխվել է Ջեբրաիլի հոսպիտալ, հետո Ստեփանակերտ, որտեղից էլ ուղղաթիռով 2002 թ-ի հունվարի 12-ին տեղափոխել է Էրեբունի կլինիկական հիվանդանոց։ Երիտասարդի խոսքով՝ ինքը մեկուկես ամիս «ապարատների տակ» է եղել:
Գրիգորն ի վիճակի չի եղել վերադառնալ ծառայության և զորացրվել է: Մինչ այժմ, սակայն, նա չի կարողանում քայլել:
«Հոսպիտալում մեր զորամասից մի քանի հոգի մահացան։ Ասեցին, որ հրամանատար է դատվել, 2 տարի ազատազրկման դատապարտվել: Բայց ի՞նձ ինչ, ես հաշմանդամ եմ դարձել»,-ասել է Եսայանը:
Երիտասարդն ունի մեկ եղբայր, որը արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան:
Գրիգոր Եսայանի բուժման համար VTB Հայաստան բանկի «Վանաձոր» մասնաճյուղում Գրիգորի մոր՝ Կարինե Եսայանի անունով հաշվեհամար է բացված․
AMD 16036022384802
USD 16036022384803
EUR 16036022384804
RUR 16036022384805