Home / Հայաստան / Կոտայքի մարզում բրուցելյոզի վարակը տարածվում է․ «Հրապարակ»

Կոտայքի մարզում բրուցելյոզի վարակը տարածվում է․ «Հրապարակ»

Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անասունների շրջանում բրուցելյոզի վարակը փոխանցվել է մարդկանց՝ վարակվել է գյուղացիներից մեկը, ով տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և այնտեղ դեռևս մեկ շաբաթ կմնա։ «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում այս մասին ասել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Փորձագետի խոսքով՝ հիվանդանոց տեղափոխված անձի ընտանիքի երկու անդամների մոտ ևս հայտնաբերվել է բրուցելյոզ, կորոշվի՝ նրանց պետք է հոսպիտալացնել, թե բուժումը կարող են կազմակերպել ամբուլատոր եղանակով:

«Մինչ Սոլակ համայնքում սպանդի են ենթարկվում հիվանդ անասունները, հերթական զանգը եղավ Կոտայքի մարզի Բջնի համայնքից, որտեղ ևս կան բրուցելյոզով հիվանդ անասուններ: Ինֆորմացիան ճշտելու համար զանգահարեցինք համայնքի ղեկավար Ա. Մաթևոսյանին, ով մեզ հայտնեց, որ, ցավոք, դեպքեր գրանցվել են․ «Մի փոքր ուշ զանգահարեք, ստույգ տվյալներ կասեմ»։ Սակայն ավելի ուշ մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսություն և բնապահպանության վարչությունում հաստատեցին, որ Բջնիում նույնպես բրուցելյոզով հիվանդ անասուններ կան», – նշում է թերթը։