Home / Հայաստան / «Ես ձեզ ատչոտ չեմ տալու»․ ինչո՞ւ են աշխատանքից ազատել տնտեսագետին․ «Հրապարակ»

«Ես ձեզ ատչոտ չեմ տալու»․ ինչո՞ւ են աշխատանքից ազատել տնտեսագետին․ «Հրապարակ»

ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտական ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանն աշխատանքից ազատել է կամ պատրաստվում է ազատել հայտնի տնտեսագետ, 5 գրքերի և մի քանի տասնյակ գիտական հոդվածների հեղինակ, ավագ գիտաշխատող Վիլեն Խաչատրյանին, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Հոդվածագիր Սյուզան Սիմոնյանը չի բացառում, որ պատճառը Վիլեն Խաչատրյանի հրապարակային ելույթներն են, որոնցից նա երբեք չի խուսափում։

«Իր ելույթներում նա հաճախ օբյեկտիվ գնահատականներ և կանխատեսումներ էր տալիս ՀՀ տնտեսության վերաբերյալ, կամ, ինչպես ինքն է արտահատվում, «սևին սև էր ասում, սպիտակին՝ սպիտակ»», – նշում է Սիմոնյանը։

Ճի՞շտ է, որ Վիլեն Խաչատրյանին ազատել են աշխատանքից հարցին ի պատասխան, ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը հետաքրքրվել է․ «Իսկ ձեզ ո՞վ է ասել այդ մասին»։

«Ո՛չ Վիլեն Խաչատրյանը։ Ինստիտուտից ենք տեղեկացել», ֊ պատասխանել է լրագրողը։

Հարությունյանը կրկին հարց է ուղղել լրագրողին այն մասին, թե ինչու է այդ հարցը նրան հետաքրքրում։ «Որովհետև նա հայտնի տնտեսագետ է, իսկ Դուք նրան ազատել եք աշխատանքից»։ Ինստիտուտի տնօրենն, իր հերթին, նկատել է․ «Ինչի՞ց որոշեցիք, որ հայտնի է։ Ձեզ համար կարող է հայտնի է, դա չի նշանակում, որ հայտնի տնտեսագետ է»։

Իսկ թե որն էր աշխատանքից ազատելու պատճառը, նա նույնպես չի ասել․ «Ես ձեզ ատչոտ չեմ տալու։ Եղա՞վ»։

Ինքը՝ Խաչատրյանը, թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ նրա աշխատանքային պայմանագիրը կնքված էր 5 ամսով, և այժմ ժամկետը լրանում է։ Պատասխանելով հարցին, հնարավո՞ր է, որ պատճառը նրա հրապարակային ելույթներն են, նա ասաց․ «Ոչ, ներքին հարաբերությունները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում