«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների սովորաբար խաղաղ անցնող ակցիաների մասնակիցների դեմ ոստիկանությունն այսօր ուժ է կիրառել։ Պատճառը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր, ով պետք է ներկա գտնվեր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում «Գրանդ հոլդինգ» ընկերության կողմից Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին։ Նաիրիտցիներն իրենց աշխատավարձերը վճարելու պահանջով ակցիան այսօր անցկացնում էին Ազատության հրապարակում, և ոստիկանները հրահանգ էին ստացել թույլ չտալ, որպեսզի բողոքողները Սարգսյանին մոտենան։
Առավոտյան 11։00-ից ոստիկանները պարբերաբար մոտենում էին հրապարակում հավաքված նաիրիտցիներին և առաջարկում նրանց փոխել ակցիայի վայրը։ «Այսքան ժամանակ է՝ ակցիաներ եք անում, մի օր ձեզ վիրավորած կա՞նք։ էս մի օրը խնդրում ենք ձեզ՝ մի քիչ այն կողմ գնացեք»,֊ ասում էր ոստիկաններից մեկը՝ մատնանշելով Ազատության հրապարակից դուրս՝ դեպի Հյուսիսային պողոտա տանող ճանապարհը։ Ոստիկաններից ոմանք էլ նշում էին, որ պահանջը չկատարելու դեպքում նաիրիտցիների նկատմամբ կարող են վարչական գործեր հարուցվել։
Ակցիայի վայրը փոխելու ոստիկանների առաջարկին կողմ էր գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը, սակայն նրան չհաջողվեց մեծամասնությանը համոզել հեռանալ Ազատության հրապարակից։
Իմանալով, որ Սերժ Սարգսյանը համերգի է գալու՝ նաիրիտցիները, հակառակը, որոշեցին, որ դա լավ առիթ է հանդիպելու նրան և բարձրաձայնելու իրենց խնդիրը։ Ժամը 12.30-ի սահմաններում ոստիկանական ուժերը հրապարակում շատացան, ապա, հատուկջոկատայինները «պատ» կազմելով, սկսեցին ակտիվ հրել և քաշքշել բողոքողներին՝ նրանց շենքի մոտից կամաց֊կամաց հետ մղելով դեպի հրապարակի կենտրոնական մաս։ Ոստիկանների հետ զրույցից հետո նաիրիտցիներին է դիմել գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։ «Ինձ ասացին, որ մեր նկատմամբ ուժ կկիրառվի, եթե մենք չհեռանանք։ Մենք եկել ենք, ոչ որևէ մեկի տոնը հարամ անելու, ոչ էլ ուզում ենք մեր ակցիան հարամ լինի։ Ես չեմ կարող թույլ տալ ուժի կիրառում, ուստի եկեք հետ քաշվենք մինչև Թումանյանի արձան»։
Ընթացքում նաիրիտցիները վանկարկում էին՝ «պարտքի մարում», ոստիկաններից պահանջում էին բացատրել՝ ինչու են իրենց հրում։ Ակցիայի մասնակից կանանցից մեկն ասաց, թե ինչու՝ մի փոքր փոխելով հայտնի երգի բառերը․ «Որովհետև արեգակին պետք է հեռվից նայես, որ չայրվես»։
Ոստիկանների գործողությունները լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը․ «Մենք միշտ տեսել ենք, որ նաիրիտցիները կոնկրետ հարց (աշխատավարձի պարտքի մարում֊խմբ․) են հետապնդում, այլ հայացքներ չունեն, և ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորել։ Մեր և իրենց միջև որևէ բախումներ չեն եղել։ Այսօր ուրիշ է, Օպերայի ներսում տեղի է ունենում արարողակարգային միջոցառում, և իրենք խանգարում են»։
Բարձրաստիճան ոստիկանի բառերը դժգոհություն առաջացրեցին ակցիայի մասնակիցների շրջանում, նրանցից մեկն էլ ասաց․ «Այ գեստապո, ի՞նչ ես ուզում»։
Ոստիկաններն իրենց գործը հաջողեցին․ Սերժ Սարգյանն Օպերայի շենք մտավ առանց նաիրիտցիներին հանդիպելու։ Համերգը սկսվելուց հետո՝ 13.00֊ին, ոստիկանության աշխատակիցները դադարեցին քաշել ու հրել մարդկանց, չնայած նաիրիտցիները շարունակում էին վանկարկել՝ «պարտքի մարում»։
«Ակնհայտ է, որ մեզ հետ ոչ մեկ էլ չի ուզում հանդիպել, համերգն արդեն սկսված է, հանրապետության նախագահը ներսում է»,֊ հայտարարել է Անուշ Հարությունյանը՝ առաջարկելով ընտրել՝ կամ մնալ, կամ երթ կազմակերպել դեպի կառավարության շենք, ապա գալիք երեքշաբթի կրկին հավաքվել նախագահականի մոտ։
Նաիրիտցիները որոշել են երթ անցկացնել՝ անիմաստ համարելով սպասելը. նրանք վստահ էին, որ համերգից հետո էլ Սարգսյանը չի ցանկանա իրենց հետ հանդիպել։
«Որ մուտքով աննկատ մտել է, դրանով էլ կգնա», ֊ ասել է նաիրիտցիներից մեկը։
Ժամը 13։12-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, Սերժ և Ռիտա Սարգսյանները մասնակցել են տոնական համերգին, որին ներկա են եղել «Գրանդ հոլդինգ» ընկերության «1000 աշխատակիցներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ», իսկ «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Հարությունյանին «նախագահը պարգևատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով»:
Մինչ շենքում տոնում էին, դրսում հավաքված մոտ երկու հարյուր աշխատավորներ հերթական անգամ պատասխան չստացան՝ երբ են իրենց վճարելու 17 ամսվա աշխատավարձը։