ԱԺ նախկին պատգամավոր, 73-ամյա Գոհար Ենոքյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ֊ական Կարո Կարապետյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու առթիվ հարուցված քրեական գործում, հայտնում է ՀՀ դատախազությունը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է՝ չնայած նրան, թե հիմնավոր կասկած կա, որ Ենոքյանը առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցավոր արարքին և հիմք կա ենթադրելու, որ վերջինս կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, հաշվի է առնվել մեղադրյալի տարիքը և որոշում է կայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին։
Պաշտոնական աղբյուրը նաև նշում է, որ նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, թե «Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու և չվերադարձնելու նպատակով, կատարել են Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ։ Սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, և նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով»: