Home / Հայաստան / Հայաստանում խուսափում են խոսել աշխատավայրում սեռական բնույթի հետապնդումների մասին

Հայաստանում խուսափում են խոսել աշխատավայրում սեռական բնույթի հետապնդումների մասին

Հայաստանում կանանց հանդեպ խտրականությունը թաքնված բնույթ ունի, բացի այդ, գենդերային բռնության որոշակի տեսակների հանդեպ հասարակությունը բավական հանդուրժողական վերաբերմունք ունի: Այս մասին ասված է Նվարդ Մելքոնյանի և Յուլիանա Մելքումյանի հետազոտության մեջ, որը ներկայացվել է ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի (ԳՀԱԿ) մայիսի 11-12-ին անցկացված գիտաժողովի ժամանակ։

Հետազոտողները նշում են, որ նման վերաբերմունքի արդյունքում կանայք կաշկանդվում են, խուսափում են բարձրաձայնել աշխատավայրում սեռական բնույթի հետապնդումների դեպքերը, նրանք չեն դիմում համապատասխան մարմիններին` ամաչելով հանրայնացնել խնդիրը, քանի որ հասարակության մեջ տարածված է այն կարծրատիպը, որ այդ երևույթը ավելի շատ պայմանավորված է կնոջ վարքով և ըստ այդմ տեղի է ունենում կնոջ մեղքով:

Ամոթը, վախը, մեղքի զգացումը, աշխատանքը կորցնելու հնարավոր և իրական վտանգները, անբարոյականի պիտակ ձեռք բերելու վտանգը, այս բոլոր հնարավոր հետևանքները ստիպում են կանանց լռել սեռական բնույթի հետապնդումների մասին:

Աշխատանքի ընթացքում հետազոտողները հարցազրույցներ են անցկացրել փորձագետների, գործատուների, ինչպես նաև սեռական հետապնդումների տեսանկյունից ռիսկային համարվող աշխատատեղերում զբաղված տարբեր տարիքի կանանց հետ: Հարցվել է 18 կին՝ 6 կին՝ 18-30 տարիքային խմբից, 6 կին՝ 31-45 տարիքային խմբից, և 6 կին՝ 46 և բարձր տարիքային խմբից:

Հարցված կանանցից 9 բարձրագույն կրթությամբ են եղել և 9՝ առանց բարձրագույն:

Աշխատանքում ընդգծվում է, որ հնարավոր է վիճակագրություն ունենալ այն կանանց մասին, ովքեր սեռական հետապնդումների պատճառով ազատվում են աշխատանքից, սակայն այն կանանց մասին, որոնք ստիպված շարունակում են աշխատել, տվյալներ հավաքել հնարավոր չէ: Շատերը վախենում են աշխատանքը կորցնել, վախենում են պիտակներից:

Հետազոտության ընթացքում հարցված կանայք մի շարք օրինակներ են բերել, որոնք վկայում են աշխատավայրում սեռական ոտնձգությունների պարագայում արձագանքնան մեխանիզմների բացակայության մասին․ 

«Օրինակ, պատահել է, որ իմ աչքի առաջ մի հիմնարկում տեսել եմ, որ տղան աղջկա նկատմամբ սեռական շարժումներ է անում, ես ոչինչ չեմ արել, ուղղակի դուրս եմ եկել էդ սենյակից»: (Հարցվող, Գավառ)

«Ես նման դեպքերում ուղղակի ինձ չլսողի տեղ եմ դնում, ու ոչ մի ռեակցիա չեմ տալիս»: (Հարցվող, Երևան)

Հետազոտողներն ընդգծում են․ որ Հայաստանում քրեորեն պատժելի է միայն անձին սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով, կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով:

«Իհարկե, հնարավոր է, որ գործատուն կամ գործընկերը, հաշվի առնելով իրենց աշխատանքային հարաբերություններում կնոջ ենթակա լինելու հանգամանքը, օգտագործելով իրենց վերադաս դիրքը, կնոջը հարկադրեն սեռական հարաբերությունների մեջ մտնել, սակայն սա սեռական հետապնդման միայն մեկ դրսևորումն է, այն էլ ծայրահեղ: 

Այսպիսով կարելի է փաստել, որ ՀՀ-ում կանանց աշխատավայրում սեռական հետապնդումը քրեորեն պատժելի արարք չէ:

ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը ևս որևէ դրույթ չի պարունակում աշխատավայրում կանանց սեռական հետապնդման արգելքի և այդ խնդրի կապակցությամբ գործատուների պարտականության և պատասխանատվության մասին», ֊ նշում են հետազոտության հեղինակները:

Նրանք նաև ընդգծում են, որ 2013 թվականի մայիսի 20-ին Հայաստանում ընդունվեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը:

Օրենքի ընդունումը հետազոտողները դրական քայլ են համարում, սակայն միևնույն ժամանակ նշում են, որ այն անորոշ է և տարակարծությունների տեղիք է տալիս:

«Վերոգրյալ օրենքը տալիս է սեռական ոտնձգության սահմանումը, փաստում է դրա կատարման արգելքը, սակայն ՀՀ օրենսդրությունում առկա չէ որևէ նորմ այդ արգելված արարքի կատարման համար պատասխանատվության ենթարկելու համար: Հետևաբար, պետք է փաստել, որ ներկայումս վերոգրյալ օրենքը սեռական ոտնձգության, հետապնդման դեմ պայքարում զուտ հռչակագրային բնույթ ունի և բավարար չէ փաստելու համար, որ ՀՀ-ն այս ոլորտում կատարել է իր ստանձնած միջազգային-իրավական պարտականությունները», ֊ եզրակացնում են հեղինակները:

Հետազոտությունն ամբողջությամբ՝ այստեղ