Այսօր մի խումբ ոստիկաններ նախագահական նստավայրի դարպասի մոտից քաշքշելով, հրելով և հարվածելով հեռացրել են բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում։
Վերջիններիս արգելում էին նախագահականի դարպասի մոտ ակցիա անցկացնել 2015 թվականի փետրվարի 11-ից, երբ ոստիկանները բռնի ուժով մայրերին հեռացրել էին նստավայրի մոտից։ Դրանից հետո ծնողները մի քանի անգամ փորձել են մոտենալ նախագահականին, սակայն ոստիկանական պատնեշի են հանդիպել։
Այսօր ոստիկաններն անակնկալի են եկել՝ զոհվածների ծնողներին տեսնելով նախագահականի դարպասի մոտ։ Նրանք ծնողների թիկունքում պատնեշ են կազմել և սկսել հեռախոսազանգեր կատարել։ Զանգերից հետո ոստիկանները ծնողներին ուժով հեռացրել են դիմացի մայթ։ Ոստիկաններից մեկը՝ ավագ լեյտենանտի կոչումով, հրելով ու քաշելով Բաղրամյան պողոտայի մյուս կողմ է տարել 2010 թվականին զոհված Վալերի Մուրադյանի մորը՝ Նանա Մուրադյանին, ապա 2010֊ին զոհված Արթուր Ղազարյանի մորը՝ Իրինա Ղազարյանին։
Այդ ընթացքում ոստիկանները նաև սադրում էին մայրերին՝ աննկատ հարվածում և սեղմում նրանց ձեռքերն ու իրանը, իսկ երբ ծնողները փորձում էին ինքնապաշտպանվել, ոստիկանները բարձր հայտարարում էին, թե «ոստիկանին մի հարվածեք»։
Արդեն Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ ոստիկաններից մեկը հայտարարեց, թե մայրերը «եկել են շոու սարքելու», ինչն առաջացրել է ծնողների զայրույթը. նրանք գնացել են ոստիկանություն՝ դատաբժշկի ուղեգիր ստանալու։