Home / Հայաստան / Բռնաբարելու և գլխատելու սպառնալիք հնչեցրած պատգամավորի դեմ պետք է քրգործ հարուցել․ իրավապաշտպան

Բռնաբարելու և գլխատելու սպառնալիք հնչեցրած պատգամավորի դեմ պետք է քրգործ հարուցել․ իրավապաշտպան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կոչ է անում քրեական գործ հարուցել ԱԺ ՀՀԿ֊ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի նկատմամբ։

Հունիսի 3-ին դատախազին ուղղված իր նամակում Սաքունցը նշում է, որ Մովսիսյանը լրատվական միջոցներին տված հարցազրույցներում բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի մասին տեղեկատվություններ տարածած, կարծիքներ հայտնած անձանց հասցեին։ Իրավապաշտպանը, մասնավորապես, մեջբերում է Մովսիսյանի հետևյալ հայտարարությունները․ ««Էտ սրիկաները էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, իրանց պապաներին պետք ա անպայման ճարվի և գլխատվի, որովհետև դրանց ընտանիքները, երևակայի, տուն տեղ, ընտանիք հասկացողություն չունեն», «Աստված տա, իմ ձեռքը որ ընկնի, ես անձամբ կգլխատեմ», «Կոչ եմ անում վեր ընկնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, իրանք հաստատ բռնաբարվելու են»։

«Այսինքն, Առաքել Մովսիսյանը հրապարակայնորեն գլխատելու և բռնաբարելու սպառնալիք է տալիս, դեռ ավելին՝ կոչ է անում գլխատել և բռնաբարել», ֊ գրում է Սաքունցը։

Իրավապաշտպանը պնդում է, որ այդ արտահայտությունները պարունակում են հանցագործության հատկանիշներ։

Նշենք, որ Սեյրան Օհանյանի ընտանիքը դատարան է դիմել՝ «Հրապարակ» օրաթերթից պահանջելով հերքում տպագրել և ներողություն խնդրել զրպարտության համար։ Խնդրո առարկան «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդվածն է, որտեղ նշվում է, թե վերջին շրջանում «ջրի երես» պատմություն է դուրս եկել այն մասին, թե Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, տարիներ առաջ վարել իր մտերիմ ընկերոջ մեքենան և ջախջախել այն, վերջինիս մահվան պատճառը դառնալով: