Գլխավոր / Տեսանյութեր / «Թող ոստիկանապետի կնոջը քարշ տան»․ սևազգեստ մայրերը՝ Բաղրամյան պողոտայում (ՎԻԴԵՈ)

«Թող ոստիկանապետի կնոջը քարշ տան»․ սևազգեստ մայրերը՝ Բաղրամյան պողոտայում (ՎԻԴԵՈ)

Այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել բանակում զոհված զինվորների ծնողներին բարձրանալ Բաղրամյան պողոտայով դեպի նախագահական նստավայր, որի մոտակայքում նրանք ամեն հինգշաբթի բողոքի ակցիա են անցկացնում։

Սևազգեստ մայրերին կանգնեցրել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, որտեղ երեք օր բողոքի ակցիա են անցկացնում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողները։ Մինչ այդ էլ ծնողները փորձել են նախագահականին մոտենալ վերևից. Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկի մոտ նրանց նույնպես կանգնեցրել են ոստիկանները։ Այդ հատվածում երթևեկությունը կասեցված է, սակայն հետիոտների համար ճանապարհը բաց է: Մայրերին իրենց պաստառով, սակայն, թույլ չեն տվել անցնել և մոտենալ նախագահական նստավայրին, ոչ էլ դրա դիմացի մայթին, որից հետո նրանք իջել էին Բաղրամյան պողոտայի սկզբնամաս:

Սևազգեստ մայրերը նախ անցել են նստացուցավորների կողմից կազմված բարիկադները, որից հետո հանդիպել են ոստիկանության պատին։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խնդրել է «այսօր միայն բացառության կարգով» բողոքի ակցիա չանցկացնել նախագահականի մոտ:

«Եթե ինչ֊որ բան ունեք փոխանցելու նախագահական, տվեք, կտանենք, եթե ինչ֊որ մեկի հետ պայմանավորված եք, ասեք, ես կզանգեմ, կփորձենք նրանց հրավիրել այստեղ»,- ասել է Օսիպյանը:

Զոհվածների ծնողները մոտ 30 րոպե բանակցում էին Օսիպյանի հետ, նրանց զրույցը նկարահանում էին մոտ 10 լրատվամիջոցներ, որոնք Բարղամյան էին եկել լուսաբանելու նստացույցը:

Նստացույցի մոտ 200 մասնակիցներից մի քանիսը մոտեցան զոհվածների ծնողներին ու ոստիկաններին: Այդ ընթացքում երիտասարդների մի խումբ շարունակում էր բարիկադների մոտ հայրենասիրական երգեր երգել, իսկ մայրերը Օսիպյանին և լրագրողներին հերթական անգամ ասում էին, որ իրենց որդիներին սպանել են հայկական բանակում, սակայն ոչ ոք չի պատժվել, քրեական գործերը կոծկվել են։

2007 թվականին զոհված զինծայառող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն ասել է Օսիպյանին, որ ոստիկանությունը միշտ չէ, որ նման քաղաքավարություն է դրսևորել իրենց նկատմամբ: Մասնավորապես, Սարգսյանը հիշեցրել է, որ փետրվարի 11-ին ոստիկանները իրեն և ամուսնուն քարշ տալով անցկացրել են նախագահական նստավայրի մայթից դիմացի մայթ։

«Ուղղակի հրաման կատարելուց առաջ, եթե հրաման եք ստանում ծնողների հետ այդպես վարվել, մի հատ պետք է ձեզ հարց տաք՝ ինչու են այդ ծնողները հայտնվել փողոցում»,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ նման կերպ պետք է վարվեն ՀՀ ոստիկանապետի (Վլադիմիր Գասպարյան) կնոջ և երեխաների հետ:

Օսիպյանը խնդրել է անձնական վիրավորանքների չանցնել, բայց Սարգսյանը նշել է, որ նման վերաբերմունքից հետո անձնական վիրավորանքներով պետք է խոսել ոստիկանների հետ։

Մայրերը Օսիպյանին հիշեցրել են նաև հունիսի 23-ի դեպքերը, երբ ոստիկանները դաժանորեն ցրել են Բաղրամյան պողոտայի նստացույցը։

Այնուամենայնիվ, ոստիկանների հետ բանակցությունները արդյունք չեն տվել, զոհվածների ծնողներն իրենց ակցիան անցկացրել են ոստիկանական պատնեշի մոտ՝ հարակից շենքի ճաղերից կապելով իրենց որդիների նկարներով պաստառը։