Առավոտ։ Հունիսի 25։ Բարիկադները Երևանի կենտրոնում իրենց տեղում են, ոստիկանական ջոկատներն ու ծանր տեխնիկան խորհրդարանի շենքի ու նախագահակի մոտակայքում՝ նույնպես։ Այժմ այստեղ հարյուրավոր մարդիկ են հավաքված․ երեկոյան այդ թիվը տասնապատիկ կաճի։ Արդեն երկրորդ օրն է՝ ցուցարարներին չեն ծեծում․ ուժայինների դեմ պատասխան հարված ևս չհետևեց։
Հունիսի 23֊ի առավոտվա ջրցան մեքենաներից, զանգվածային ծեծերից ու ձերբակալություններից հետո՝ ոստիկանության ղեկավարությունը պարբերաբար վստահեցնում է, որ հրաժարվել է բռնի ցրումից և ներքին հետաքննություն սկսել։ Բողոքի նախաձեռնող խմբի երիտասարդները շարունակաբար բարձրախոսներով, լրագրողների հետ զրույցներում հիշեցնում են ցույցի խաղաղ բնույթի մասին, նախազգուշացնում բռնության կոչ անող սադրիչների մասին։ Այս նախազգուշացումները տարբերվում են նախօրեին ուժայինների կիրառած բռնությունից․ հանդարտության կոչն արվում է բռնության զոհերին ու պոտենցիալ զոհերին։ Պետմարմինների ներկայացուցիչների դեմ համաչափ միջոցառումների մասին չեն խոսում ոչ ամբոխի մեջ, ոչ՝ ամբիոնից։
Մայրաքաղաքի արգելափակված կենտրոնում ցուցարարների թվի կտրուկ աճին ցուգահեռ՝ այստեղ են գալիս նաև քաղաքական գործիչներ, երգիչներ, դերասաններ ու հոգևորականներ։ Նրանք, հիմնականում, կուտակվում են ոստիկանական պատի ու ցուցարարների՝ աղբամաններից կառուցված բարիկադների միջև լրագրողների համար հատկացված տարածքում։ Այս վայրն անվանում են «մուսըռների արանք»։ Այստեղ, ասում են, կարող ես երազանք պահել։
Բարիկադը ծառայում է նաև որպես ամբիոն, որտեղից պարբերաբար ելույթ են ունենում նախաձեռնող խմբի նույն 2֊3 ներկայացուցիչները։ Բարձրախոսերը թույլ են․ ձայնը, լավագույն դեպքում, ծածկում է հավաքի տարածքի մեկ֊հինգերորդ հատվածը։ Մյուս մասերում մարդիկ հիմնականում հավաքվում են կենդանի երաժշտության, պարերի ու քննարկումների շուրջ։ Հաճախ խոսում են էլէներգիայի գինը չբարձրացնելու պահանջի սահմաններից դուրս գալու հնարավորության մասին։ Քննարկում են քաղաքական ուժերին, որոնք փորձում են բողոքի ցույցն իրենցով անել։
Միաժամանակ, մեդիա տարածք են ներխուժել ռուսաստանյան ԶԼՄ֊ները։ Տեղի ունեցողի մասին նրանց վարկածները տալիս֊անցնում են Հայաստանի ոստիկանության մամուլի հաղորդագրություններին։ «ՌՏՌ»֊ի, «Առաջին ալիքի», «Ռեն֊ՏՎ»֊ի և «Լայֆնյուզի» ներկայացուցիչներն այստեղ արդեն նկատել են «Արևմուտքի մատը», «Ամերիկայի փողերը», «ուկրաինական սցենար», «Եվրամիության ու բանդերովցիների դրոշներ», «դանակներ» ու այլ սառը զենք ցուցարարների մոտ, իսկ ոստիկանության ջրցան մեքենաներն ու մահակները նրանց ռեպորտաժներում դարձել են «պատասխան ցուցարարների հարձակումներին»։
Սա դարձել է թեմա բողոքի ցույցի մասին իրազեկողների ու տեղի ԶԼՄ֊ների համար, որոնք ստիպված են խոսել ռուսաստանյան մամուլի բովանդակության մասին, անգամ՝ հերքել այն։ Ռուսաստանցի լրագրողներին հաճախ մոտենում են ցույցի մասնակիցներին ու խնդրում չստել։ Լրագրողները լսում են, պատասխանում՝ «մենք ձեզ լսեցինք», «յուրաքանչյուրն իր տեսակետն ունի», «դուք կոնկրետ փաստեր ունե՞ք» ու հեռանում։
Ուկրաինական Մայդանի հետ դրական ու բացասական համեմատություններն իրենց ամուր տեղն են գտել տեղի ու արտասահմանյան ԶԼՄ֊ների և փորձագետների նյութերում։
Տեղի մամուլը բամբասանքների ու «հավաստի աղբյուրների» մակարդակով հայտնում է էլէներգիան չթանկացնելու նախագահի որոշման մասին։ Մեկ այլ տեղեկության համաձայն, «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ռուսաստանյան «ԻՆՏԵՐ ՌԱՈ»֊ից պատրաստվում է գնել ծագումով հայ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը։
Յուրի Մ.